Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանի մուտքն ԱՄՆ կարող է արգելվել

12:10, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
Էրդողանի մուտքն ԱՄՆ կարող է արգելվել

ԱՄՆ-ի կոնգրեսականները Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել են, որ Միացյալ Նահանգները պետք է կոշտ արձագանք տա Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների գործողություններին։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Ձեզ նման մարդիկ Միացյալ Նահանգներում այլևս անելիք չունեն, դուք ձեր ժողովրդին չեք ներկայացնում»,- Թուրքիայի նախագահ Էրդողանին դիմելով՝ հայտարարել է կոնգրեսական Դեյնա Ռոռաբահերը:

Լսումների ընթացքում Միացյալ Նահանգների օրենսդիրները քննարկել են մայիսի 16-ին Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տեղի ունեցած հանցագործությունը, որի ընթացքում, կոնգրեսականների կարծիքով, Ռեջեփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները հարձակվել էին ամերիկացի խաղաղ ցուցարարների վրա. «Մենք չենք ցանկանում խոսել մի մարդու հետ, ով փորձում է ստեղծել իսլամոֆաշիզմ սեփական երկրում, և դառնալ գլխավոր ֆաշիստ»:

Կոնգրեսական Ռորաբահերի կոչն ավելի միանշանակ է եղել՝ Էրդողանն այլևս երբեք չպետք է Միացյալ Նահանգներ հրավիրվի. «Նա թշնամին է այն ամենի, ինչին սատարում ենք մենք, ավելին, նա սեփական ժողովրդի թշնամին է»:

Լսումների ընթացքում կոնգրեսական Սիսիլինին ընդգծել է, որ Էրդողանի հրամանով թուրքական անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները Ամերիկայի տարածքում խախտել են ամերիկյան ժողովրդի սահմանադրական իրավունքներն, իսկ կոնգրեսական Շերմանը տեղի ունեցածը ԱՄՆ-ի ինքնիշխանության դեմ հարձակում է որակել. «Մինչև չստանանք անձամբ Էրդողանից պաշտոնական ներողություն, նույնիսկ չպետք է քննարկենք Թուրքիայի հետ նրանց հուզող խնդիրները»:

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը հայտարարության մեջ նշել էր, որ թուրքական անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել միջամտել Էրդողանի անվտանգության պահպանման նպատակով: Կոնգրեսական Շերմանի խոսքով, սակայն, տեսագրությունն ապացուցում է, որ Ռեջեփ Էրդողանին որևէ վտանգ չէր սպառնում հեռավոր տարածության վրա հավաքված շուրջ 10 խաղաղ ցուցարարներից. «Դեսպանի հայտարարությունը սուտ է, որը փորձում է կոծկել ֆիզիկական ագրեսիան, և նա պետք է անհապաղ դուրս հրավիրվի մեր երկրից»:

Լսումների հրավիրված տուժածներն ու փորձագետները ներկայացրել են տեղի ունեցածի պատկերը: Մասնավորապես, Վաշինգթոնում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով, հարձակումը սկսվել է անսպասելի, կարծես՝ հրամանով. «Երբ ոստիկանները հրահանգում էին նրանց կանգ առնել, նրանք ուղղակի բացարձակապես անտեսում էին այդ հրամանները, մի բան, որ ես երբեք չէի տեսել ամերիկյան տարածքում»:

Ջոնս Հոփքինսի համալսարանի դասախոս, նախկին դատախազ Ռութ Վիջվուդն իր կողմից խորհուրդ է տվել արդեն հիմա հետաքրքրվել, թե որտեղ է Էրդողանը պահում իր միջոցները, քանի որ եթե տուժածները քաղաքացիական հայցով դիմեն ամերիկյան դատարաններ և հաղթեն դատերը, ապա հնարավոր կլինի այդ միջոցները սառեցնել՝ տուժածներին փոխհատուցում վճարելու նպատակով:

Ամփոփելով լսումները՝ կոնգրեսական Թեդ Փոն նշել է, որ ԱՄՆ-ի պատասխանը պետք է լինի կոշտ և միանշանակ. «Մեր ուղերձը աշխարհի բոլոր բռնակալներին պետք է լինի մեկը՝ մի վնասեք Ամերիկայի քաղաքացիներին և նրանց սահմանադրական իրավունքները, հակառակ դեպքում կզղջաք այն օրվա մասին, երբ դա արեցիք»:

4613 | 5
Facebook