Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նրանց չհաջողվեց վերացնել մեզ երկրի երեսից». Սերժ Սարգսյանը պատասխանում է «Euronews»-ի, «Reuters»-ի, «Al Jazeera»-ի և «CNN Turk»-ի թղթակիցների հարցերին

13:00, հինգշաբթի, 23 ապրիլի, 2015 թ.
«Նրանց չհաջողվեց վերացնել մեզ երկրի երեսից». Սերժ Սարգսյանը պատասխանում է «Euronews»-ի, «Reuters»-ի, «Al Jazeera»-ի և «CNN Turk»-ի թղթակիցների հարցերին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում պատասխանել է արտասահմանյան մի շարք հեղինակավոր պարբերականների թղթակիցների հարցերին:

«Euronews» պարբերականի թղթակցի այն հարցին, թե որն է այդ հրեշավոր իրադարձություններից 100 տարի անց երկրի նախագահի ուղերձը ողջ աշխարհի հանրությանը, Սերժ Սարգսյանը նշել է. «Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներն իրենց մեջ մի քանի ուղերձ են ամփոփում: Առաջինը հիշողության ուղերձն է. մարդկության դեմ կիրառված հանցագործությունները չեն կարող որևէ ժամկետում մոռացվել: Երկրորդը երախտագիտության ուղերձն է, որը շաղկապված է հիշողության ուղերձի հետ. երախտագիտություն այն մարդկանց, կազմակերպությունների, ժողովուրդների և պետությունների հանդեպ, որոնք մեր ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանում մեզ ձեռք մեկնեցին և կարողացան փրկել մեր ժողովրդի մի հատվածին: Երրորդը հիշողության և երախտագիտության բաղկացուցիչն է և միացումը, որը տանում է այսպիսի հանցագործությունների կանխարգելման: Եվ վերջապես, վերջին ուղերձը՝ չորրորդը և հիմնականը, վերածննդի ուղերձն է. այս անգամ ևս մեր վատը չցանկացողներին չհաջողվեց վերացնել մեզ երկրի երեսից»,- հայտնել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ հայ և թուրք ժողովուդների հաշտեցման ամենակարճ ուղին ճանաչումն է և եթե դա տեղի ունենա, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կբարձրանան նոր, բավականին բարձր մակարդակի:

«Reuters»-ի կովկասյան գրասենյակի թղթակիցն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններին՝ հարց ուղղելով ՀՀ նախագահին, թե ինչպես է տեսնում այդ հարաբերությունների բարելավումը 2009թ. եղած, բայց ձախողված հնարավորությունից հետո: Դրան ի պատասխան Սերժ Սարգսյանը նշել է, որ 2009թ. հայերը նախաձեռնել են այդ հարաբերությունները բարելավելու փորձ, սակայն Թուրքիան հրաժարվել է դրանից:

«Միևնույն է, մենք պետք է ի վերջո հարաբերություններ հաստատենք, սակայն դա պետք է լինի առանց նախապայմանների: Մենք որևէ նախապայման թուրքերին չենք առաջադրում: Մենք չենք ասում թուրքերին՝ դուք ճանաչեք Ցեղասպանությունը, հարաբերություններ հաստատենք, որևէ այլ պայման չենք ասում և կարծում եմ՝ մեր մոտեցումն արդարացի, կառուցողական մոտեցում է: Իսկ թուրքերը, ներողություն, ոչ թե թուրքերը, այլ Թուրքիայի ղեկավարությունը, մշտապես ինչ-որ նախապայմաններ է փորձում առաջադրել: Մենք որևէ նախապայմանով պատրաստ չենք հարաբերություն հաստատել: Սա է ամբողջ խնդիրը: Երբ թուրքերը պատրաստ կլինեն առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, ես վստահ եմ, որ գործն առաջ կգնա»,- նշել է ՀՀ նախագահը: Անդրադառնալով «Reuters»-ի թղթակցի մեկ այլ հարցին, թե արդյո՞ք ինքը հիասթափված է ԱՄՆ նախագահից, քանի որ նա չի պատրաստվում «ցեղասպանություն» բառն օգտագործել ապրիլի 24-ին նախատեսված իր ուղերձում, Սերժ Սարգսյանը պատասխանել է.

-Իհարկե, մենք կցանկանայինք, որ պարոն Օբաման արտասանի այդ բառն իր ուղերձում: Մենք կցանկանայինք, որ իր ուղերձում պարոն Օբաման ասեր «ցեղասպանություն» բառը, իսկ եթե չի ասել կամ չի ասելու, դրա պատճառը միայն ու միայն մեկն է. ոչ թե նրանք՝ նկատի ունեմ Միացյալ Նահանգները, չեն ճանաչում Ցեղասպանությունը, պարզապես չեն ցանկանում այսօր արտաբերել այս բառը, որպեսզի իրենց դաշնակից Թուրքիան իբր թե, չվիրավորվի:

ՀՀ նախագահը պատասխանել է նաև «Al Jazeera» թղթակցի այն հարցին, թե ինչպես կարող են ողջ աշխարհի հայերը, չմոռանալով, առաջ գնալ, ՀՀ նախագահը պատասխանել է.

-Մենք միշտ առաջ ենք նայել, միշտ: Մեր ժողովրդի ամենաբնորոշ հատկանիշը հենց դա է: Մենք առնվազն երեք հազար տարի ապրել ենք այս տարածաշրջանում և այդ հազարամյակների ընթացքում ունեցել ենք ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ՝ կորուստներ, ունեցել ենք ինչպես ուրախության, հրճվանքի պահեր, այնպես էլ տխրության ու ողբի պահեր, բայց մենք միշտ առաջ ենք նայել և հիմա էլ առաջ ենք նայում: 100-ամյա տարելիցը որևէ կերպ չի նշանակում ճանապարհի ավարտ, որը մենք ուղղակի պարտավոր ենք անցնել: Սա մի կետ, մի հանգրվան է, իհարկե, նշանակալից հանգրվան, որ մենք ուզում ենք նշել: Ուզում եմ հաշվի առնեք, որ մենք Ցեղասպանության մասին լիաթոք, բարձրաձայն կարողացել ենք խոսել միայն Հայաստանի անկախացումից հետո: Այսինքն՝ ընդամենը 24, 25 տարի է, որ այս մասին ազատ խոսում ենք, և, կարծում եմ, որ այս ընթացում բավական առաջընթաց է եղել գոնե միջազգային ճանաչման առումով: Այդ ճանապարհը մենք շարունակելու ենք: Մենք իրավունք չունենք չշարունակելու, որովհետև մեզ համար Ցեղասպանության ճանաչումը կամ Ցեղասպանություն բառն օգտագործելն ինքնանպատակ չէ:

ՀՀ նախագահը հարցազրույց է տվել նաև «CNN Turk» հեռուստաալիքի թղթակցին, որտեղ նա մեկնաբանել է իր կարծիքը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլու՝ Ցեղասպանության վերաբերյալ արված վերջին հայտարարությունների և այն «մարդասիրական հանցագործություն» անվանելու վերաբերյալ: « Ես ավելացնելու ոչինչ չունեմ և չեմ էլ ցանկանում մեկնաբանել պարոն Դավութօղլուի ասածները, որովհետև ինձ համար նախ զարմանալի էր, թե ինչու պարոն Դավութօղլուն այդ հայտարարությունը երեք-չորս օր շուտ արեց, այլ ոչ թե ապրիլի 24-ին, կամ գոնե ապրիլի 24-ի նախօրեին: Այսինքն, սա մեկ անգամ ևս փորձ էր՝ ինչ-որ կերպ հանդարտեցնելու միջազգային հանրությանը, ասելու՝ տեսեք, ես ինչ բառեր եմ օգտագործում և այլն: Չեմ ուզում մեկնաբանել, ուղղակի ակնկալիք ունեմ, որ վաղը կամ մյուս օրը պարոն Էրդողանն ավելի ամուր և խորիմաստ կգտնվի ու կանի իրական հայտարարություն, որտեղ նա կասի այն, ինչ-որ պետք է ասի: Եվ սա, իրոք, կարող է հաշտեցման գործընթացի դուռ բացել մեր երկու ժողովրդների միջև»,- նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
4235 | 6
Facebook