Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն այսօրվա նիստի ժամանակ դեմ արտահայտվեց օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերի առկայությանը։ «Երևանի գործող իշխանությունն ուղղակի հավես չունի ավագանու նիստ անցկացնի»,- ասաց Սուքիասյանը՝ անդրադառնալով Ավինյանի պարզաբանմանը, թե չզեկուցվող հարցերի քանակը պայմանավորված է նրանով, որպեսզի նիստը մի քանի օր չտևի։ «Բա ավագանու բան ու գործի անունն ի՞նչ ա։ Երևանի ավագանին դառնում է անգործունյա, ոչ թափանցիկ, երևանցուն հաշվետվություն չներկայացնող մի կառույց, չզեկուցվողների անվան տակ բերվում են տարբեր շահեր սպասարկող որոշման նախագծեր՝ ուղղված տարբեր անհատների բիզնես շահերի սպասարկմանը»,- նշեց Սուքիասյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հակադարձեց՝ հիշեցնելով, որ ընդդիմադիրների առաջարկով մեկ անգամ չզեկուցվող հարցերը դարձել են զեկուցվող, սակայն նիստերին ընդդիմադիրները չեն մասնակցել, նախագծերը քննարկել են միայն ՔՊ անդամները։