Խնդրում ենք սպասել...

Համացանց

30 ջրվեժներով հայտնի Լիճքը կրկին ցանկանում են դարձնել հանքավայր. ահազանգ

00:30, հինգշաբթի, 23 մարտի, 2023 թ.
30 ջրվեժներով հայտնի Լիճքը կրկին ցանկանում են դարձնել հանքավայր. ահազանգ

Լիճք գյուղի ֆեյսբուքյան էջում կարդում ենք. «Կրկին ցանկանում են Լիճքը դարձնել հանքավայր...
     ✔ՀԱԿԻՐՃ ԼԻՃՔԻ ԵՎ ՄԵՂՐԻԻ ՄԱՍԻՆ
     Լիճքն իր 30-ից ավել ջրվեժներով, անտառներով և լեռնային աննկարագրելի լանդշաֆտի շնորհիվ դարձել է Մեղրիի այցեքարտերից մեկը: Լիճքն այլևս միայն մեղրեցիների հանգստավայրը չէ, Լիճք են գալիս ամբողջ Հայաստանից և արտերկրից: Զբոսաշրջային սեզոնին այստեղ մշտական տուրեր են կազմակերպում բազմաթիվ զբոսաշրջային ընկերություններ:
     Զբոսաշրջության աճի հետ մեկտեղ գյուղում սկսեցին հայտնվել առաջին հյուրատները:
     Մեղրիի բնակչության մեծ մասի ապրուստի միջոցը այգեգործությունը, մրգերն ու չրերի արտադրությունն է, որոնք Հայաստանի տարածքում իրացվելուց բացի սկսել են մեծ ծավալներով արտահանվել արտերկիր: Հանքի շահագործումը հարվածի տակ է դնելու Մեղրիի՝ որպես գյուղատնտեսական տարածքի ներկան ու հեռանկարը: Մեղրեցիները լավ գիտեն Կարճևանի և Ագարակի այգիների անմխիթար վիճակը:
     ✔ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՓԱԿՄԱՆ ՀԱԿԻՐՃ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
     Ինչպես գիտեք 2018թ.-ին Լիճքի հանքավայրը շահագործող Թաթսթոուն ՍՊԸ-ն մեղրեցիների կողմից հանքավայրի շահագործման դեմ հավաքված 4000 ստորագրությունների (հայտարարության տեքստը՝ մեկնաբանությունում), ինչպես նաև վարչապետ Ն. Փաշինյանի՝ մետաղական հանքերում ստուգումներ կատարելու հրահանգից անմիջապես հետո ամբողջ տեխնիկայով պարզապես անհետացավ Լիճքից, իսկ 2021թ.-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով դադարեցվեց հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը: Մեղրեցիների մեծ մասին հայտնի է, թե ինչպես էր բացվել հանքավայրը, նրանք, ովքեր տեղյակ չեն, կարող են դիտել «Ինչ է թաքնված Լիճքի հանքի հետևում» տեսանյութը, որը տեղադրված է մեկնաբանությունում:

Ինչ է թաքնված Լիճքի հանքի հետևում․ զրույց
Ընդամենը կես տարվա ընթացքում Լիճքի կուսական բնությունը դարձավ այն, ինչ տեսնում եք լուսանկարի մեջ. պատկերացրեք եթե շարունակվեր մինչև հանքի շահագործման վերջնաժամկետը՝ 2028թ.-ը. մեկ մեծ՝ մինչև ընդերքը հասնող կլոր ծակ, իսկ շրջակայքը ընդհուպ մինչև գյուղ լցված լցակույտ, երկու բառով՝ մեռյալ գոտի:
     ✔ՆՈՐ ՍԵՎ ԱՄՊԵՐ ԼԻՃՔԻ ԵՎ ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՐ
     Հանքավայրը տեղակայված լինելով երկու՝ Մեղրի և Այրիջուր (Զվարագետ) գետերի մեջտեղում (տես նկարը), լուրջ վտանգ է սպառնում ինչպես Մեղրի քաղաքի խմելու ջրի, այնպես էլ այգեգործական նպատակներով օգտագործվող ջրային պաշարների համար: Հանքավայրը գտնվում է Բողաքար արգելավայրից ուղիղ գծով մինչև 100 մ, իսկ «Արևիկ» ազգային պարկից՝ 800մ հեռավորության վրա:
     Լիճքում հանքավայր շահագործելու նպատակով մարտի 29-ին ժամը 15։00-ին Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունենալու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Լիճքի պղնձի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ):
     ՄԵՂՐԵՑԻՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
     Մեղրի համայնքի բնակիչները մեկ անգամ արդեն հստակ ձևակերպել են իրենց բացասական դիրքորոշումը Լիճքի հանքավայրի մասին և 4000 ստորագրությամբ հաստատված փաթեթը հանձնել վարչապետ Ն. Փաշինյանին: Խնդրում ենք չանտեսել այս կարևոր փաստը: Հանրագրում նշվել են.
     «1. Հանքավայրը գտնվում է Մեղրի քաղաքի և այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտում, և հանքավայրի շահագործումը կարող է ինչպես որակական, այնպես էլ քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի և խմելու ջրամատակարարման համակարգի վրա: Հանքավայրի տարածքով է հոսում նաև տարածաշրջանը ոռոգման ջրով ապահովող Մեղրի գետը և Զվարագետը, որոնց աղտոտումը ծանր և վտանգավոր մետաղներով անխուսափելի է:
     2. Հանքավայրը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում և նրա բուֆերային գոտում, անտառապատ է և ունի շատ հարուստ կենսաբազմազանություն:
     3. Հանքավայրը գտնվում էլ Լիճք գյուղի բնակելի տարածքից անթույլատրելի հեռավորության վրա: Պայթեցումներից առաջացած ցնցումները խիստ վտանգում են գյուղի տների ամրությանը, գյուղը մշտապես գտնվում է պայթեցումներից առաջացած փոշու մեջ, ինչպես նաև գյուղից անընդհատ լսվում է աշխատող տեխնիկայի ձայնը:
     4. Համոզված ենք, որ հանքավայրի շահագործումից համայնքի բյուջեին հատկացվող միջոցները և բացված աշխատատեղերը անհամեմատելի են այն վնասների հետ, որոնք այժմ կրում է Լիճք բնակավայրը և ամբողջ Մեղրի համայնքը,
     5. Հանքավայրի շահագործումն ընդմիշտ փակում է Լիճք բնակավայրում այլ ոլորտների զարգացման հեռանկարը. զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, պարզապես ապրելու հնարավորություն, ինչպես նաև իրական վտանգի տակ է առնում Մեղրիի ամբողջ տարածաշրջանի էկոլոգիական անվտանգությունը»:
     ✔ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՇԱՀԱՐԿՎՈՂ «ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ» ՓԱՍՏԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
     Իհարկե բոլորս ցանկանում ենք, որպեսզի բացվեն աշխատատեղեր, սակայն աշխատատեղ ասելով բոլորս չենք պատկերացնում պարտադիր հանք: Պետության պարտավորությունն է բնակիչներին ապահովել արժանապատիվ աշխատատեղերով, և եթե այդ աշխատատեղերը չկան Լիճքում, չկան նաև մնացած այլ գյուղերում; Եվ ինչ, օգտակար հանածոներով հարուստ Հայաստանում ամեն գյուղից 100մ հեռավորության վրա հանք բացենք և անունը դնենք աշխատատեղերի համար են բացվում: Լիճքի հանքը պարզապես հանք լինել կամ չլինելու հարց չէ, այլ Լիճք գյուղը, Լիճք գյուղի տարածքի լինել չլինելու հարց է և հանքավայրի շահագործումից հետո մենք կրկին չենք ունենալու այդ աշխատատեղերը, չենք ունենալու նաև բոլորիս Լիճքը:
     ✔ՄԵՐ ԵՎ ՁԵՐ ԼԻՃՔԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ
     Սիրելի մեղրեցիներ, դժվար թե ձեր շարքերում լինեն մարդիկ, ովքեր չեն հանգստացել Լիճքի Զվարում, չեն գնացել ջրվեժներ, չեն հրապարակել նկարներ, հպարտացել հայրենի բնությամբ և հրավիրել իրենց ընկերներին ու հարազատներին: Ինչքան ենք հանդիպել իրար, ասել փախնենք Մեղրիի շոգից, գնանք Լիճք մի լավ զովանանք, հետ գանք: Ինչքան ենք ուրախանում, երբ հանգստյան օրերին տեսնում ենք Երևանից և Հայաստանի տարբեր վայրերից եկող զբոսաշրջային խմբեր: Այժմ հերթը մերն է, թույլ չտալ Լիճքը դարձնել հանքավայր, իսկ Մեղրիի գետերը՝ հանքավայրից սնվող գետեր:
     ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB, դուք քաջատեղյակ եք, որ հանքավայրը գտնվում է Բողաքար արգելավայրից ուղիղ գծով մինչև 100 մ, իսկ «Արևիկ» ազգային պարկից՝ 800 մ հեռավորության վրա, գտնվում է երկու գետերի արանքում՝ յուրաքանչյուրից մինչև 100մ հեռավորության վրա, ցանկը շարունակելի...
     ՀՀ Զբոսաշրջության կոմիտե, դուք քաջատեղյակ եք, թե ինչպիսի զբոսաշրջային պոտենցիալ ունի Լիճքը ու յուրաքանչյուր տարի քանի հազար զբոսաշրջիկ է այցելում Լիճք և Մեղրի:
     Հայկական բնապահպանական ճակատ և Քաղաքացու ձայնը, ձեր աջակցությունը անգնահատելի կլինի:
     Մեղրիի Համայնքապետարան, դուք քաջատեղյակ եք Մեղրի համայնքի դիրքորոշմանը: Համայնքապետարանի ներկայացուցիչների ներկայությամբ համայնքապետարանի դիմաց վարչապետին հանձնվեց Լիճքի հանքի շահագործման դեմ մեղրեցիների՝ 4000 ստորագրությամբ հանրագիրը:

Նիկոլ Փաշինյան, խնդրում ենք հավատարիմ մնալ Հայաստանը հանքարդյունաբերական տարածք չդիտարկելու նախընտրական ձեր խոստմանը և չշարունակել նախկինների՝ Մեղրին հանքավայրերի տարածք դարձնելու քաղաքականությունը:
     Ռոբերտ Ղուկասյան, մեզ միշտ ոգեշնչել է, թե դուք ինչպես էիք հրաշք Կալավանում զարգացնում տուրիզմը: Մենք նույնպես մեր ծննդավայրում նույն աշխատանքն ենք կատարում ու ունենք լավ արդյունքներ: Խնդրում ենք ձեր լիազորությունների շրջանակներում հնարավորություն տվեք շարունակելու մեր գործը:
     ✔Խնդրում ենք հնարավորինս շատ տարածել և մեկնաբանություններում ևս մեկ անգամ հաստատել ձեր դիրքորոշումը Լիճքում հանքավայրի շահագործման դեմ»:

5090 | 0
Facebook