Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանը խախտում է Արցախի երեխաների կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ-ն դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին

17:18, չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ.
Ադրբեջանը խախտում է Արցախի երեխաների կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ-ն դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հանդիպել է Հայաստան-Արցախ ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում գտնվող դպրոցահասակ երեխաներին:
     Թատրոնում երեխաների համար կազմակերպված ամանորյա ներկայացումից առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զրուցել է նրանց հետ, նվիրել գրքեր։
     «Այսօրվա մեր ուժեղ լինելուց են կախված մեր հայրենիքի ապագան, մեր հետագա զարգացումը։ Այստեղ գտնվող երեխաներից և մեծահասակներից յուրաքանչյուրը մեր հզորության գրավականն է։ Դուք ձեր տոկունությամբ և մարդկային շատ բարձր որակներով ցույց եք տալիս դժվարությունները հաղթահարելու ճանապարհը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
     Նախարարը հորդորել է ճանապարհի փակման հետևանքով կրթությունն ընդհատած երեխաներին հաճախել տեղի դպրոցներ. «Հայաստանյան բոլոր դպրոցների դռները բաց են ձեզ համար. հաճախեք մոտակա դպրոցներ, վստահ եմ՝ ձեզ սիրով կընդունեն։ Համապատասխան դասարաններում մասնակցեք դասերին, որպեսզի հետագայում բացթողնված ուսումնական նյութն ավելի հեշտությամբ լրացնեք: Կրթությունը դժվարություններին դիմակայելու և հոգեբանորեն ուժեղ լինելու արդյունավետ միջոցներից է»։
     Ճանապարհի փակման հետևանքով այս պահին Հայաստանում է մնացել արցախցի շուրջ 300 երեխա, որոնց մեծ մասը Հայաստան էին եկել տարբեր ծրագրերի, միջոցառումների և մրցույթների մասնակցելու նպատակով։
     Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ Արցախի երեխաների կրթության իրավունքի խախտման հարցով ԿԳՄՍ նախարարությունը դիմել է նաև միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին։

2123 | 0
Facebook