Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչու արցախցիները հանրահավաք չարեցին, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքն էր հարձակման ենթարկվել»․ Բաբաջանյան

23:48, շաբաթ, 29 հոկտեմբերի, 2022 թ.
«Ինչու արցախցիները հանրահավաք չարեցին, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքն էր հարձակման ենթարկվել»․ Բաբաջանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման նախօրեին, Ստեփանակերտում համաարցախյան հանրահավաք է՝ հաջակցություն այսպես կոչված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ռուսական կամ մոսկովյան տարբերակի:
     Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ- մայոր Անդրեյ Վոլկովն է հանրահավաքի նախաձեռնողը ու հրահանգողը՝ ըստ որի, եթե Հայաստանը հրաժարվի կարգավորման ռուսական տարբերակից խաղաղապահ առաքելությունը լքելու է Արցախը:
     Չեմ ուզում առհասարակ քննարկել ռուսական խաղաղապահների ներկայությամբ այս տարի գարնանը Փարուխի շուրջ իրադարձությունների, ադրբեջանցիների կողմից այլ ռազմավարական բարձունքներում դիրքավորվելու գործում նույն ռուս խաղաղապահության դերակատարությունը:
     Չգիտեմ ինչու արցախցիները ոչ մի հանրահավաք, ակցիա չարեցին այն ժամանակ, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքն էր հարձակման ենթարկվել և Հայաստանն իր գոյության ճակատագրական հանգրվանում էր:
     Արցախցիներին սխալմամբ թվում է կամ նրանց չարամտորեն համոզել են, որ իրենք որևէ դեր, դերակատարում չպետք է ունենան կարգավորման գործընթացում:
     Ստեփանակերտը պետք է ոչ թե Երևանի առաջ պահանջներ դնի, այլ ինքը պետք է դիմի միջազգային հանրությանը, որ այսուհետ Երևանը չի ներկայացնում Արցախին:
     Նրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից պետք է պահանջեն այցելել ոչ թե Երևան, այլ Ստեփանակերտ:
     Արցախը պետք է օրնիբուն սկսի աշխատել իր սուբյեկտայնության վերականգման ուղղությամբ:
     Ռուսների փեշերից անվերջ կախվելու փոխարեն ինտենսիվ պետք է շփվել, աշխատել միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների մայրաքաղաքների հետ:
     Զուգահեռաբար պետք է ամենայն պատասխանատվությամբ միջազգային մեխանիզմների և երաշխիքների ներդրմամբ պատրաստվել Բաքվի հետ դժվարագույն խոսակցության, բանակցությունների:
     Սա է Արցախը փրկելու Արցախը հայկական պահելու գուցե բարդ, երկար, բայց միակ ճանապարհը:
     Ուզենք կամ ոչ, ռուսական խաղաղապահությունը ժամանակավոր ներկայություն է Արցախում:
     Այսօր, առավել ևս, ռուսական խաղաղապահ ներկայության էֆեկտիվությունը կասկած է հարուցում, պետք է մտածել երկարաժամկետ միջազգային, իրական անվտանգային մեխանիզմների ներդրման մասին:
     Որքան էլ բարդ ու դժվար է, բայց պետք է հասկանալ՝ մաքուր հայ-ռուսական հարաբերություն վաղուց գոյություն չունի: Արդեն տևական ժամանակ է հայ-ռուսական հարբերություններում ներկա են Անկարան և Բաքուն և մենք չենք կարող դա հաշվի չառնել որևէ խնդիր պլանավորելիս:
     Ձեր հանրահավաքները արժեք կունենային, եթե դրանք աջակցություն գտնեին Հայաստանում, ուղղված լինեին Հայրենիքի հզորացմանը, հայ ժողովրդի միանականությանը և Հայաստանի հարատևությանը»:

4533 | 2
Facebook