«24նյուզ»-ի եթերում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց` որտեղ է հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայից «անհետացել» ինքը: «Հավաքն սկսելուց առաջ զանգել են և ասել, որ պիտի հանդիպեն ինձ հետ, հակառակ պարագայում՝ բերման կենթարկեն։ Առաջարկեցի երրորդ տարբերակը՝ իրենք գան հավաքի մոտ, մեքենայի մեջ նստենք, խոսենք։ Եկել են իմ հետևից և մենք մեքենայով մեծ արագությամբ շարժվել ենք դեպի Հրազդան։ Հասել ենք առանձնատուն։ 1 ժամ հետո եկել է 2 մարդ, եղել է բավականին երկար խոսակցություն:
...Խոսակցությունն այն մասին էր, որ նրանք ասում էին, որ շարժումը գնում է շատ սխալ ճանապարհով, որ ես եմ, որ այս ընթացքում ինչ-որ մի կերպ տարանջատված եմ շարժումից։ Առաջարկել են, որ փոխեմ շարժման ուղղությունը, թե չէ կարող է նաև մարդ մահանալ։
...Առաջարկել են ինձ, որ վերցնեմ առաջնորդությունը շարժման ու բովանդակությունը փոխեմ։ Պատասխանել եմ, որ ի վիճակի չեմ շարժման բովանդակությունը փոխելու։ Դուրս եմ եկել այդտեղից, խնդրել եմ այդ մարդկանց` ինձ տանել Ծաղկաձոր։ Քնել եմ այնտեղ, հաջորդ օրը իմ ընկերները եկել են իմ հետևից։ Այդ օրը կապվել և ասել եմ, որ իմ հետ ամեն ինչ նորմալ է»։
Պետրոսյանը նաև հավելեց, որ իրեն ցույց են տվել բազմաթիվ «շատ վատ» ձայնագրություններ: «Չգիտեմ` կոնտեքստից կտրված, թե արհեստական բանականությամբ պատրաստված, այնուամենայնիվ, շատ վատ բովանդակությամբ ձայնագրություններ, որոնցից միայն մի 5 տոկոսն են դեռ հրապարակել, որոնց հիման վրա էլ կալանավորել են Գերասիմ Վարդանյանին:
Նա նաև նշեց, որ շատ երկար զրույց է ունեցել Բագրատ Սրբազանի հետ, ամեն ինչ իրեն պատմել է:
Մոսկվա գնալու վերաբերյալ էլ Պետրոսյանը նշեց, որ մեկնումը ծրագրած էր դեռ մեկ ամիս առաջ և խիստ անձնական նպատակով է գնացել: