Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

National Geographic-ը Հայաստանը ներառել է պարտադիր այցելվող վայրերի ցուցակում

00:48, հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ.
National Geographic-ը Հայաստանը ներառել է պարտադիր այցելվող վայրերի ցուցակում

National Geographic-ը առաջարկում է մինչև տարվա վերջ պարտադիր այցելել Հայաստան և մանրամասն ներկայացրել է երկրի զբոսաշրջային պոտենցիալը: Հոդվածի հողինակ Էմիլի Լաշի խոսքերով, Հայաստանը հատկապես դուր կգա արկածների և մշակույթի սիրահարներին: «Այստեղ ` Նորավանքի կիրճում, կարելի է զբաղվել ժայռամագլցմամբ, կայակ վարել Ազատի ջրամբարում, և ուսումնասիրել գինեգործություն Վայոց ձորում»,- գրում է նա:
     Էմիլին նշում է, որ մշակութային մայրաքաղաքում` Գյումրիում, կան բազմաթիվ գեղարվեստական ցուցասրահներ և արհեստանոցներ, որտեղ ցուցադրվում են ավանդական արհեստներ, որոնք ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՈՅԻ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մեջ:
     National Geographic-ը խորհուրդ է տալիս Հայաստան մեկնել հենց այս տարի և տեսնել «միֆական լեռները», հին վանքերը և վայելել համեղ սնունդը: Ըստ հեղինակի` Հայաստանը հրաշալի վայր է նաև անցյալի գաղտնիքները բացահայտելու համար: Ամսագիրը ամենատպավորիչ հուշարձաններից մեկն է համարել Տաթևի վանքը (9-րդ դար): Երկրի հարավում խորհուրդ է տրվում այցելել նաև քարայրային բնակատեղին Խնձորեսկում և «Զորաց քարեր» մեգալիթյան հուշարձանը:

«Միևնույն ժամանակ, Հայաստանի հյուսիսը հանդիսանում է առավել կանաչ շրջան և հրաշալի տարբերակ է բնության սիրահարների համար: Դիլիջան քաղաքը սկզբնակետ կդառնա անտառային զբոսանքների համար, որի ընթացքում կտեսնեք գողտրիկ լճակներ և հին ավերակներ: Իսկ ավելի հյուսիսում կարելի է տեսնել ևս երկու վանք` Հաղպատն ու Սանահինը, որոնք ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՈՅԻ ցանկի մեջ, իսկ այս այցելության ժամանակ կարելի է նաև ռաֆտինգ անել Դեբեդ գետում», ավելացրել է ամսագիրը:
     Էմիլի Լաշը հավելել է, որ Հայաստանը բաց է զբոսաշրջիկների համար կլոր տարին և մշտապես պատրաստ է իր հյուրերին առաջարկել ինչ-որ յուրահատուկ բան:
     «Աշնան ամիսները հրաշալի են գինու սիրահարների համար, երբ խաղողի բերքը հասունանում է: Արշավների սեզոնը շարունակվում է մինչև նոյեմբերի սկիզբ, երբ աշնան հրաշալի գույները սկսում են զարդարել Դիլիջան ազգային պարկը»,- գրում է հեղինակը: Ձմռանը կարելի է այցելել Ջերմուկի հանքային աղբյուրներ, ինչպես նաև զբաղվել դահուկավարմամբ Ծաղկաձորի լեռներում: Հեղինակը շեշտել է, որ մարտի վերջին սկսում են ծաղկել ծիրանենիները, իսկ Երևանի մոտակայքում ծաղկող այգիներում խնջույքներ են կազմակերպվում: Ամռանը ավելի լավ է բարձրլեռնային տարածքներում զբաղվել քայլարշավներով, Սևանա լճում ջրային սպորտաձևերով և վայելել Դեբեդի կիրճի մայրամուտները»,- ամփոփել է ամսագիրը:

2879 | 0
Facebook