Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախագահն Օհան Դուրյանի այրուն է հանձնել մաեստրոյին շնորհված շքանշանը և մեդալը, որոնք վերադարձրել էր պետությանը

15:48, ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ.
Նախագահն Օհան Դուրյանի այրուն է հանձնել մաեստրոյին շնորհված շքանշանը և մեդալը, որոնք վերադարձրել էր պետությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել ականավոր երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված համերգին:

Համերգային ծրագրի ավարտին նախագահ Խաչատուրյանն Օհան Դուրյանի այրուն է հանձնել մաեստրոյին շնորհված Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը և Մովսես Խորենացու մեդալը, որոնք վերադարձրել էր պետությանը:

«Այսօր մաեստրո Օհան Դուրյանի հանդեպ մի վերջին պարտականություններից մեկը պետք է կատարեմ: Խնդիրն այն է, որ իրեն զրկեցին իր նվագախումբը ղեկավարելուց, և այդ ժամանակաշրջանում՝ 2001 թվականին, նա որպես բողոքի նշան իր ըմբոստ պահվածքով որոշեց վերադարձնել պետությանն այն պարգևները, որ նրան շնորհվել էին 1996-1997թթ: Երկու բարձր պարգևներ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը և Մովսես Խորենացու մեդալը նա վերադարձրեց պետությանը»,- ասել է Խաչատուրյանը և նշել, որ որպես պետական պաշտոնյա ներկա է եղել այն արարողությանը, երբ տրվում էին այդ պարգևները:

«Այսօր ինձ համար մեծ պատիվ է, որ ես հնարավորություն ունեմ՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ վերադարձնել այդ պարգևները տիկին Ալիսին: Համոզված եմ, որ այս պարգևներն իրենց տեղը կգնեն Օհան Դուրյանի տուն թանգարանում կամ այն վայրում, որտեղ որոշվել է դրանք պահել»,- ասել է նախագահը:

Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված համերգին
2363 | 0
Facebook