Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Արավուս գյուղի ուղղությամբ. ՄԻՊ

21:36, կիրակի, 15 օգոստոսի, 2021 թ.
Ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Արավուս գյուղի ուղղությամբ. ՄԻՊ

Այսօր վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են ահազանգեր այն մասին, որ այս գիշեր ժամը 12-ից 1-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ:
     Այս տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են գյուղի բնակիչները և պնդել, որ նշանառու կրակոցներ են արձակվել նաև ՀՀ զինված ուժերի դիրքերի վրա:
     Խոսքն Արավուս գյուղի այն հատվածի մասին է, որտեղ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են քաղաքացիական տներից մի քանի հարյուր մետր հեռու:
     Նրանց անմիջապես դիմաց են տեղակայված ՀՀ զինված ուժերը, որոնք կատարում են բնակիչների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու գործառույթ:
     Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերի, ադրբեջանական կրակոցները դադարել են Տեղի համայնքային մարմինների, ՀՀ 1-ին բանակային կորպուսի և ՌԴ սահմանապահ ծառայության հրամանատարության ժամանումից հետո:
     Արավուս գյուղի ուղղությամբ ադրբեջանական՝ այս գիշերվա կրակոցները հանցավոր են, խաթարում են մարդկանց բնականոն, խաղաղ կյանքն ու անվտանգությունը:
     Այս փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի է խախտում է: Նրանք խախտում են նաև մարդկանց սեփականության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները:
     Ակնհայտ է, որ մարդկանց իրավունքները հնարավոր կլինի ապահովել միայն անվտանգության գոտու պայմաններում»:

12942 | 0
Facebook