Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չարամիտ հիմարություն ու անգրագիտություն՝ SIL Insurance-ի կողմից». Վահե Տեր-Մինասյան

12:24, շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
«Չարամիտ հիմարություն ու անգրագիտություն՝ SIL Insurance-ի կողմից». Վահե Տեր-Մինասյան

Բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական չարամիտ հիմարությունն ու անգրագիտությունը՝ այս անգամ արդեն SIL Insurance-ի կողմից։
     Եվ այսպես, իրավիճակ։
     Ինձ դիմել է երիտասարդ, դեռևս երեխաներ չունեցող կին, որի մոտ առկա է սեռական ուղիներից արյունահոսություն։ Կատարված հետազոտություններով ախտորոշել եմ բավական տհաճ, վիրահատությունների անհրաժեշտությամբ իրավիճակ։ Հիվանդն ունի սոցփաթեթ և ուրեմն՝ պետության կողմից երաշխավորված բուժման իրավունք։
     Չնայած այն հանգամանքին, որ նման վիրահատությունների համար պետության կողմից հատկացվող գումարը մոտ 3 անգամ պակաս է վճարովի հիմունքներով բուժվող հիվանդների կողմից վճարվող գումարից։ Չնայած նրան, որ սպասվում են բարդ վիրահատություններ, որոնց դիմաց, մեղմ ասած, լինելու է անհամապատասխան վարձատրություն, դիմում ենք հիվանդի ապահովագրական ընկերությանը՝ կնոջը օր առաջ օգնելու և իհարկե երեխա ունենալու հնարավորությունը պահպանելու համար։
     Եվ...
     Կարելի է միայն ապշել, որ ՍԻԼ ապահովագրական ընկերության «փորձագետը» որոշում է շտկումներ կատարել մեր ախտորոշման և վիրահատության առաջնահերթության մեջ։ Ավելին, որոշում է, որ պետության կողմից հատկացվելիք չնչին գումարը կարելի է է՛լ ավելի կրճատել (նպատակների մասին կարելի է միայն ենթադրել)։
     Հիմա ամենահետաքրքիրը.
     «Փորձագետը», որն իրեն իրավունք է վերապահել որոշումներ կայացնել՝ կապված կնոջ մոտ գինեկոլոգիական վիրահատության առաջնահերթության մասին, պարզվում է՝ .... ԱԼԵՐԳՈԼՈԳ է։ Ավելին, իմ հեռախոսային խոսակցության ժամանակ հայտնեց, որ որոշումները կայացրել է՝ քննարկելով իր ղեկավարի՝ վարչության պետի հետ, որն էլ իր հերթին ՍՐՏԱԲԱՆ է...
     Ինձ մնում է այս «հրաշալի» ու «պրոֆեսիոնալ» թիմին առաջարկել գնալ ու վիրահատել հիվանդին, քանզի հետաձգելու դեպքում այս կինը պարզապես կզրկվի երբևէ երեխա ունենալու հնարավորությունից...
     Հ.Գ.
     Ընկերության ղեկավարությունն ու սեփականատերերը հուսով եմ հնարավորություն ունեն լսել մեր հեռախոսային խոսակցության ձայնագրությունն ու անել համապատասխան հետևություններ։
     Հ.Գ.
     Ես անընդհատ փորձում եմ պատկերացնել, որ մի օր կարթնանամ ու կպարզվի, որ Հայաստանում ամեն մեկը վերջապես կատարում է իր գիտելիքներին ու հնարավորություններին համապատասխան աշխատանք։ Հա, ու որ նաև շատ կարևոր է՝ ունի մարդկային վերաբերմունք այլոց հանդեպ»:

6284 | 1
Facebook