Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր Արեշում կատարված երկու երիտասարդի դանակահարության գործով մեկ անձ կալանավորվել է

18:45, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.
Նոր Արեշում կատարված երկու երիտասարդի դանակահարության գործով մեկ անձ կալանավորվել է

Հուլիսի 25-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Էրեբունու բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով երկու երիտասարդ են բուժօգնության տեղափոխվել:
     Նրանց դանակահարել էին:

Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Իրավապահները կազմեցին անհրաժեշտ արձանագրություններ, զրուցեցին բժշկի հետ: Տուժողներն ի վիճակի չէին բացատրություն տալու:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Նշանակվեցին դատաբժշկական փորձաքննություններ:
     Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները: Եվ համագործակցությունը հաղորդումից օրեր անց դրական արդյունք տվեց: Ոստիկանները պարզեցին, որ տուժողներին Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանքի և Նոր Արեշի 34-րդ փողոցի հատման մասում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, դանակահարել էր Նոր Արեշի 23-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 30-ին կասկածվողը ներկայացավ նախաքննական մարմնին և ձերբակալվեց:

Նրան մեղադրանք է առաջադրվել: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
     Նախաքննությունը շարունակվում է:

Նոր Արեշում կատարված երկու երիտասարդի դանակահարության գործով մեկ անձ կալանավորվել է
3259 | 0
Facebook