Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաձայն եմ, որ այս համաճարակի մեկնարկին մենք այդքան էլ լուրջ չընդունեցինք դրա հնարավոր բարդություններն ու ծավալը և հենց ամենասկզբում չձեռնարկեցինք առավել կոշտ ու խիստ միջոցներ՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու և այլ օջախների ձևավորումը բացառելու համար:
Որևէ մեկին մեղադրելու խնդիր չկա: Այս ամենը ճգնաժամային կառավարման փորձի պակասի, իրադրությունը և ռիսկերի վերահսկելիության աստիճանը ոչ համարժեք գնահատելու, համաճարակի մասշտաբայնության մակարդակը և ծավալման տարածքը օբյեկտիվորեն չկանխատեսելու հետևանք է:
Բայց սա ոչ թե միայն մեզ մոտ է, սա բոլոր պետություններին բնորոշ իրավիճակ է:
Սակայն, երբ արդեն արձանագրվում են մահեր, իսկ վարակվածների թիվը գնալով ավելանում է, ուրեմն իսկական սթափվելու ժամանակն է:
Եթե հայտարարվել է արտակարգ դրություն, և պարետի կողմից կայացվում են որոշումներ ու տրվում են ցուցումներ, ապա դրանք պետք է կատարվեն անվերապահորեն, հակառակ պարագայում գրոշի արժեք չունեն:
Այս պահին որևէ քաղաքական իրադարձություն, գործընթաց և նեղ կուսակցական կամ քաղաքական շահ պետք է ստորադասվի բոլորիս անվտանգության ու առողջության պահպանմանը:
Հիմա քաղաքական հաշվարկների ու գործընթացների, ազդեցությունների պահպանման ժամանակը չէ:
Երկիրը պետք է շատ արագ բերել ճգնաժամային կառավարման իրավիճակի՝ փորձելով հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից:
Հ. Գ. Խորապես ցավակցում եմ կորոնավիրուսի հետևանքով մահացած երեք քաղաքացիների հարազատներին ու բարեկամներին»: