Մալաթիա-Սեբաստիան Շենգավիթին կապող նոր ճանապարհը կբեռնաթափի Երևանը
Երևանի օղակաձև ճանապարհի արևմտյան հատվածում, չնայած ձմեռային տարեշրջանին, շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Արգավանդ-Շիրակ ճանապարհը կունենա 2.7 կմ երկարություն, 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24-28 մետր լայնությամբ: Այն իրար կկապի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները: Ծրագրի ընթացքին աշխատանքային այցի ժամանակ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Սա մեր կարևորագույն ծրագրերից է, որը պետք է բեռնաթափի քաղաքը, նաև տա այլընտրանքային ճանապարհներ՝ քաղաքի տարբեր հատվածներ հասնելու համար: Հաշվի առնելով տրանսպորտային այն միջոցների քանակը, որը ներկրվեց վերջին երկու տարվա մեջ, սա ավելի քան անհրաժեշտություն է, սա արդեն կենսական խնդիր է Երևանի համար»,- նշում է քաղաքապետը: Շինարարությունը մեկնարկել է նախորդ տարեվերջին՝ Ասիական զարգացման բանկի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» տրանշ 2-ի ֆինանսավորմամբ։ «Քաղաքը բեռնաթափելն այսօր բոլոր մեծ քաղաքների խնդիրն է, և Երևանը նույնպես դուրս չմնաց այդ ցուցակից: Այստեղ լուծումը միայն ճանապարհաշինությունով չի ավարտվում. լուծումները պետք է համալիր լինեն: Ինձ համար, նաև ամբողջ աշխարհում դա այդպես է՝ այդ ամեն ինչի առանցքում ընկած է տրանսպորտային ցանցը: Ուստի, մենք այս ճանապարհաշինությանը համատեղ, զուգահեռ պետք է շատ կոնկրետ և արագ լուծում տանք մեր նոր տրանսպորտային ցանցի խնդրին: Այս պահին ամեն ինչ անում ենք, որ այս երկու գործընթացները զուգահեռաբար ավարտենք»,-նկատում է Հայկ Մարությանը: Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252մ երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջ, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց հատման ճանապարհային հանգույցում։ Այս պահին շինարարները կառուցում են կամրջի հիմքերը: Նոր կամուրջն, ի դեպ, կունենա անձրևաջրերի մաքրման հատուկ կայան, որը հնարավորություն կտա զտել անձրևաջրերը՝ դրանք գետ լցնելուց առաջ: Դեպի Արգավանդի խճուղի ձգվող ճանապարհն այնուհետ կմիանա Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածին: Ճանապարհի այդ հատվածը կունենա 9,4 կմ երկարություն, 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մ լայնությամբ: |