Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արման Բաբաջանյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

16:50, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.
Արման Բաբաջանյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍԴ-ի շուրջ ճգնաժամն անպայման կհանգուցալուծվի: Բայց մեր երկրում կարևոր և առանցքային այլ անելիքներ կան, որոնց պետք է ձեռնամուխ լինել:

Այսօր պաշտոնապես դիմել եմ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ առաջարկելով ստեղծել աշխատանքային խումբ, որը կգործի մշտական հիմունքներով և կզբաղվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող խնդիրներով: Աշխատանքային խմբում կընդգրկվեն ԱԺ արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովների անդամներ, ԱԳՆ ներկայացուցիչ կամ ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրյալ հայ և արտերկրյա փորձագետներ: Աշխատանքային խումբը պարբերաբար հանդես կգա զեկույցներով, վերլուծություններով և երաշխավորություններով, որոնք կամրապնդեն հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում: Աշխատանքային խմբի գործունեության մյուս ուղղությունը կլինի խորհրդարանական դիվանագիտության հարթությունում Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող աշխատանքը, միասնական ու համակարգված մոտեցումների մշակումը:
     Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր հայտարարություններից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ բանակցային գործընթացին տիրապետում են չափազանց փոքր թվով պաշտոնյաներ, ինչը բացասական երևույթ է, և որ բանակցային գործընթացին տիրապետողների շրջանակը պետք է ընդլայնվի: Նշված առաջարկությունն ամբողջությամբ տեղավորվում է այդ տրամաբանության մեջ և իրականացման դեպքում կարող է էապես ամրացնել հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում:
     Նշված առաջարկության վերաբերյալ խորհրդարանի ղեկավարության պատասխանը կներկայացնեմ հաջորդիվ»:

5289 | 0
Facebook