Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Չի՞ ստեղծի մի իրավիճակ, երբ գյուղական համայնքում մի ձու գողացողը կենթարկվի քրեական պատասխանատվության». քննարկում ԱԺ-ում

14:25, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
«Չի՞ ստեղծի մի իրավիճակ, երբ գյուղական համայնքում մի ձու գողացողը կենթարկվի քրեական պատասխանատվության». քննարկում ԱԺ-ում

Սեպտեմբերի 13-ի նիստում ԱԺ-ն քննարկեց գրպանահատությանը վերաբերող մի օրինագիծ, որի նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է: Ըստ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի՝ փոփոխություններ են արվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» և «ՀՀ քրեական» օրենսգրքերում, և գրպանահատության համար մեղարդրանքը մասնավոր տիրույթից տեղափոխվել է հանրային տիրույթ:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանն էլ նշեց, որ ներկա կարգավորմամբ սահմանված էր, որ գողությունը ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն է զգալի չափերով: Այսինքն՝ զգալի չափը պարտադիր պայման էր արարքը պատժելի դիտարկելու համար: Արված փոփոխությամբ «զգալի չափ» ձևակերպումը հանվել է՝ թողնելով միայն մեկ՝ հասարակ գողության դեպքի համար: Դա հարցադրումների առիթ տվեց:

«Եթե սոված մարդը խանութից հաց է գողացել, նրան տանենք 20 տարով դատապարտենք, դա էլ արդարացի չէ: Խորհրդային տարիներին 1 մ կտոր գողանալու համար մարդը նստում էր, հիմա վերադառնանք խորհրդային անցյալի՞ն»,-հարցադրեց ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը: Նա պնդեց, որ սոցիալական գործոնը և պատժի չափը պետք է համաչափ լինեն:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն էլ իր մտահոգությունը հայտնեց: «Զգալի չափ արտահայտությունը հանելը չի՞ ստեղծի մի իրավիճակ, երբ գյուղական համայնքում մի ձու գողացողը կենթարկվի քրեական պատասխանատվության»:

Սերգեյ Ատոմյանը նկատեց, որ այդ մտահոգությունն ինքն էլ ունի, սակայն հարցի քննարկման ժամանակ դատախազությունից ստացել են պատասխան, որ նման դեպքերում կկիրառեն Քրեական օրենսգրքի մեկ այլ հոդված, կամ էլ կօգտվեն «Դատախազության մասին» օրենքի ընձեռած կարգավորումից և անձին չեն դատապարտի:

Նա չբացառեց, որ 2 ընթերցումների միջև ընկած ժամակահատվածում «զգալի չափ» ասվածը կրկին սահմանվի:

Ներկա կարգավորմամբ զգալի չափ է սահմանվում 5 հազար և ավելի դրամը:

Քննարկվող փոփոխությամբ կառավարությունն առաջարկում է գրպանահատության համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատակի չափով կամ՝ կալանք՝ 1-2 ամիս ժամկետով, կամ՝ ազատազրկմամբ՝ առավելագունը երկու տարի ժամկետով։

2651 | 0
Facebook