Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սանիթեքը» պատրաստ է 4 մլն դոլարի ներդրում կատարել. տնօրենը ներկայացրեց իրենց առաջարկները

14:55, ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ.
«Սանիթեքը» պատրաստ է 4 մլն դոլարի ներդրում կատարել. տնօրենը ներկայացրեց իրենց առաջարկները

Լիբանանից ուղիղ կապով միացած «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլն ասուլիսի ժամանակ ներկայացրեց իրենց 2 առաջարկները (մեկը կարճաժամկետ, մյուսը՝ երկարաժամկետ) Հայաստանում ընկերության հետագա գործունեության մասով։

Կարճաժամկետ առաջարկի մասով տնօրենն ասաց, որ քանի որ քաղաքապետարանը ձեռք է բերել նոր աղբատար մեքենաներ, իրենք կարող են միասնական ջանքերով վերջ տալ Երևանում տիրող այսօրվա վիճակին։

««Սանիթեքի» թերացումները մատնացույց անելու և վատաբանելու փոխարեն համատեղ ջանքերի մեկտեղումը կբերի իրադրության հանգուցալուծմանը»,- ասաց Թավիլը։

Երկարաժամկետ լուծման վերաբերյալ տնօրենը նշեց, որ պատրաստ են անմիջապես կատարել 4 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ նոր աղբատար մեքենաներ և աղբադույլեր գնելու համար, ինչպես նաև ներդրում անել՝ տարեկան 500 աղբաման ձեռք բերելու համար և հնարավորինս նորացնել ավտոպարկը։

«Սանիթեքը» պատրաստ է նաև ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքներ, թափանցիկություն և հորիզոնական մոնիտորինգի համակարգը ներկայացնել քաղաքապետարանին. «Սա հնարավոր կլինի այն դեպքում, եթե քաղաքապետարանը ևս պարտավորվի մշակել և ներդնել աղբի կառավարման քաղաքականություն և գործողությունների ծրագիր, իրականացնել Նուբարաշեն աղբավայրի ենթակառուցվածքների զարգացում, որի մասին խոստացել էին մեզ ամիսներ շարունակ։ Այստեղ պետք է շեշտել, որ անգամ քաղաքապետն է 2018թ-ի հոկտեմբերին եղել Նուբարաշենում, որտեղ երևում էր, թե ինչ աղետալի վիճակում է աղբավայրը։ Բացի այդ, պետք է պարտավորվի ներդնել թափոնների հեռացման լայնածավալ քաղաքականություն, ուժեղացնել կարողությունները, վերանայել վերահսկողության պայմանները, որպեսզի ավելի ուժեղ լինեն»,-ասաց ընկերության տնօրենը:

«Սանիթեքը» քաղաքապետարանին առաջարկում է վերանայել պայմանագրի արժեքը՝ ունենալով փորձագիտական վերլուծություն, որը կգնահատի ընկերության կողմից մատուցվող ծառայությունների առևտրային արժեքը։

Առաջարկում են նաև ընդլայնել «Սանիթեքի» հետ պայմանագրի պայմանները և հետ վճարել ընկերությանը մինչ օրս, տնօրենի խոսքով, անօրինական ճանապարհով իրականացված տուգանքները։

«Երկուշաբթի, որպես առաջին քայլ, կսկսենք միջազգային նախաարբիտրաժային նամակագրական շփումը ՀՀ կառավարության հետ՝ ասելով, որ մենք չենք փակում որևիցե դուռ բանակցությունները շարունակելու, որպեսզի հնարավոր լինի գտնել փոխադարձ ընդունելի լուծում, որը կլինի լավագույնը բնակչության համար»,-ասաց նա։

Լրագրողների հարցին, թե տնօրենն ինչո՞ւ է խուսափում Երևանում ասուլիսի ներկայանալուց, արդյոք կալանավորման սպառնալի՞ք է տեսնում, Թավիլը պատասխանեց, որ իրենց դեմ մեդիաարշավ է իրականացվում և դրանից ելնելով են խուսափել։

6440 | 0
Facebook