Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնը քաղաքացիների բուժման մասին բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները տրամադրել է երրորդ անձանց

10:45, չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.
Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնը քաղաքացիների բուժման մասին բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները տրամադրել է երրորդ անձանց

MAMUL.am լրատվական գործակալությունը վերջին ամիսներին մի քանի նյութ է հրապարակել Աբովյան 54 հասցեում գործող Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնի մասին: Դրանցում ներկայացվել են մի շարք դեպքեր. թվաբանական սխալ հաշվարկներով կատարված ախտորոշումներ, համաձայն այդ ախտորոշումների՝ բուժման նշանակում և այլն:

Խմբագրությանը դիմած քաղաքացիներից ոմանք ներկայացրել են մանրամասներ, թե ինչպես բժշկական կենտրոնում իրենց պարտադրվել է անցնել հավելյալ հետազոտում, կատարվել են սխալ ախտորոշումներ: Քաղաքացիներից ոմանք իրենց համարել են բժշկական այդ կենտրոնի «զոհը»:

Վերոնշյալ հոդվածների հրապարակումից հետո ՀՀ Առողջապահության նախարարությունը և Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ են սկսել տվյալ կենտրոնում:

Հատկանշական է, որ Նյու-մեդ ուրոլոգիայի կենտրոնի հետ կապվող սկանդալային միջադեպերը նոր դրսևորումներ են ստանում:

Այսպես. MAMUL.am լրատվական գործակալության խմբագրության ձեռքի տակ են հայտնվել փաստեր, համաձայն որոնց Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնը երրորդ անձին(անձանց) է տրամադրել տեղեկություններ իր հետ համագործակցող ընկերության աշխատակիցների՝ պրոֆիլակտիկ հետազոտությունների, ախտորոշումների, բուժման վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև տեղեկատվություն այն մասին, թե աշխատակիցներից ով որ բժշկի մոտ է անցել բուժում, ինչ ընթացք է ունեցել բուժումը և այլ մանրամասներ (ընկերության անունը չի կարող հրապարակվել): Ըստ առկա փաստաթղթերի՝ տեղեկությունները տրամադրել է բժշկական կենտրոնի տնօրինությունը (հնարավոր է նաև որոշ բժիշկներ)՝ խախտելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 19-րդ հոդվածի(Ե)` «ապահովել բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը» և 19.3-րդ hոդվածի(7)` «պահպանել բժշկական գաղտնիքը» կետերը:

Նշենք, որ վերոնշյալ խախտումները քրեորեն պատժելի է, իսկ «Բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները» կարող է տրամադրվել միայն դատարանի (դատավորի), դատախազության, նախաքննության, հետաքննության, ինչպես նաև այլ իրավասու մարմինների պահանջով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար խմբագրությունը գրավոր հարցում է ուղարկել կենտրոնի սեփականատեր և գլխավոր բժիշկ Հարություն Միքայելյանին, ով սակայն, կրկին խուսափել է պարզաբանում տրամադրելուց:

Սույն տեղեկատվությունը MAMUL.am լրատվականի խմբագրությունն ուղարկել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից մեզ տեղեկացրել են, որ հարցի վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր:

Տեղեկացնում ենք մեր ընթերցողին, որ MAMUL.am-ը հետևելու է գործի ընթացքին և առաջիկայում կտրվի հավելյալ տեղեկատվություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
     Եթե դուք օգտվել եք բժշկական այս, կամ այլ կենտրոնի ծառայություններից, ունեք դժգոհություններ, կամ ականատես եք նման միջադեպերի, կարող եք զանգահարել մեր խմբագրություն կամ գրել նամակ:

Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունն ապահովված է:

| | |
4335 | 1
Facebook
COMMENT.am