Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նյու-Մեդ կլինիկայի «զոհերից» մեկն էլ ես եմ». քաղաքացի

11:05, երեքշաբթի, 05 փետրվարի, 2019 թ.
«Նյու-Մեդ կլինիկայի «զոհերից» մեկն էլ ես եմ». քաղաքացի

Վերջին ամիսներին MAMUL.am-ը հանդես եկավ մի քանի հրապարակումներով, որոնցում ներկայացվել են խմբագրություն դիմած մի շարք քաղաքացիների դժգոհությունները Երևանում գործող Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնի շուրջ (նախորդ հրապարակումներ՝ 1, 2, 3):

Վերոնշյալ հրապարակումներից հետո խմբագրությունը շարունակում է ստանալ նոր ահազանգեր նշված կենտրոնի վերաբերյալ:

Ներկայացնում ենք քաղաքացիներից մեկի հերթական դիմումի բառացի սղագրումը: «Նյու-Մեդ կլինիկայի «զոհերից» մեկն էլ ես եմ, ու իմ դեպքն ամբողջովին կրկնում է այս դեպքը՝ ավելի վատ հետևանքների սպառնալիքներով: Ես դիմել էի գինեկոլոգ Լիլիթին: Ինքը տալով ինձ անալիզների պատասխաններ, աշխատում էր գրավոր ոչինչ չտալ: Լրիվ նույն սցենարով, ինձանից փորձում էին մեծ գումար կորզել: Անալիզների արդյունքները, որում գրվել է էնդոցերվիկոզ, բոլոր այլ բուժհիմնարկների մասնագետների կողմից ուղղակի ծիծաղի և զարմանքի առարկա դարձան: Բացի այդ, նա անընդհատ նշում էր, որ Դիալաբի անալիզները, որոնք իմ ձեռքում էին՝ զիբիլ են, ուստի պետք է արվեն միայն իրենց լաբորատորիայում: Ինձ սպառնում էր բժշկուհին, որ եթե իր մոտ ամբողջական բուժում չանցնեմ, որն արժենալու էր բացի անալիզներն ու դեղերը 160.000 + 120.000 + 150.000 դրամ, ապա ինձ մոտ հնարավոր է էնդոցերվիկոզը քաղցկեղի վերածվի, ինչը կլինի նաև այն դեպքում, եթե ուրիշ բժշկի մոտ բուժվեմ:

Հետո, նույն սցենարով մի հղի աղջկա, մոտ 20 տարեկան, ասում էր, որ Էկոսենս լաբորատորիայի անալիզներն են զիբիլ, ու ինքը պետք է վերահանձնի անալիզներն իրենց մոտ, որովհետև նրանք սխալ մաքուր պատասխաններ են գրել»:

Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար MAMUL.am-ը կրկին դիմեց կենտրոնի տնօրեն Հարություն Միքայելյանին, ով, մինչ այդ ուղարկված նախորդ հարցումներին պարզաբանումներ տալուց խուսափում էր: Սույն հարցմանը պատասխանելով՝ վերջինը նշել է հետևյալը. «Ես զրուցել եմ բժշկուհու հետ, նա այդպիսի դեպք չի ունեցել»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եթե դուք օգտվել եք բժշկական այս, կամ այլ կենտրոնի ծառայություններից, ունեք դժգոհություններ, կամ ականատես եք եղել նման միջադեպերի, կարող եք զանգահարել մեր խմբագրություն կամ գրել նամակ: Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունն ապահովված է:

9467 | 1
Facebook