Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց․ այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
«Իզուր, հենց այնպես մարդուն պետք չէ նեղացնել, որովհետեվ դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտն է: Բացի այդ, դեռ չի հասցրել ոչինչ գրել, անգամ՝ «Թուրքական մարշ»: Դուք նրան կնեղացնեք, և նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, և աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ և լավ մարդիկ: Լեոնիդ Ենգիբարյան Այսօր հայ մեծ ծաղրածու, դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 83-ամյակն է: Տաղանդավոր դերասանը ծնվել է Մոսկվայում: Մինչև կրկեսին նվիրվելը Ենգիբարյանն ուժերը փորձել է մի քանի այլ մասնագիտություններում. ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ, ապա տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 50-ականների կեսերը լավ արդյունքների էր հասել: Իսկ որպես ծաղրածու Լեոնիդն իր առաջին քայլերը սկսել է 1959-ին. եկել է Երևան և ընդունվել հայկական կրկեսախումբ։ «Համաձայն չեմ, որ մնջախաղը կոչվի «լռության արվեստ»: Ինձ թվում է, շարժումն ու դիմախաղը իրենց հնչողությունն ունեն, ինչպես գույնը: Մնջախաղը հրաշալի է նրանով, որ մարդուն ստիպում է մտածել, մնջախաղը վստահում է մարդուն և նրան բարձրացնում սեփական աչքերում: Մնջախաղը կենտրոնացնում է մարդու ուշադրությունը, և բորբոքում նրա երևակայությունը: Հետո էլ բեմ է դուրս գալիս ներկված դեմքով տարօրինակ ու զվարճալի մարդը, ծիծաղեցնում մեզ ու հաճախ ինքը արտասվելով հեռանում»,-ասել է Լեոնիդ Ենգիբարյանը: Ենգիբարյանի մասին ասել են` հազարավորներ գալիս, շարունակ խոսում և ոչինչ չեն ասում: Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց: Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է 1972 թվականի հուլիսի 25-ին։ |