Խնդրում ենք սպասել...

Համացանց

«97 տարի առաջ բոլշևիկները Երևանի բանտում իրականացրին նախադեպը չունեցող մի ոճրագործություն». Աղվան Պապյան

11:40, կիրակի, 17 փետրվարի, 2019 թ.
«97 տարի առաջ բոլշևիկները Երևանի բանտում իրականացրին նախադեպը չունեցող մի ոճրագործություն». Աղվան Պապյան

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Աղվան Պապյանը ֆեյսբույան իր էջում գրել է. «Հիշատակի օր է այսօր:
     97 տարի առաջ` 1921 թ. փետրվարի 17` լույս 18-ի գիշերը ռուս բոլշևիկները Երևանի բանտում իրականացրին մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող մի ոճրագործություն` թուրք մսագործի ձեռքով կացնահարելով հայազգի երևելի մտավորականներին ու զինվորական գործիչներին (թվով 21 հոգի) որոնցից շատերը Սարդարապատի ճակատամարտի հերոսներ էին: Նախորդ գիշեր` փետրվարի 16-ին բոլշևիկները գնդակահարել էին ևս 50 հոգու և լցրել բանտի ներսում նախապես փորված հորերի մեջ: Եվ որպեսզի մերձակայքում ապրող բնակիչները չիմանան կատարվող սպանդի մասին, նրանք բանտի փողոցում մեքենաներ են կանգնեցրել` նրանց անդադար աղմուկի ու ազդանշանների ժխորի մեջ խեղդելու համար հրացանների համազարկերի ձայնն ու բանտարկյալների աղաղակները:
     Կացնահարվածների մեջ էին Խմբապետ Համազասպը, որին ժողովուրդը Վանի, Ասկերանի դյուցազն էր անվանում, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը (Կորգանով)` Ղարաքիլիսայի ճակատամարտի հեծելազորային գնդի հրամանատարը, Երանոս Թարվերդյանը, բանվոր Սերգոն, Արտուշ խանը, Կամսար Քոչարյանը, Լևոն Ենգիբարյանը, Վարդան Թամրազյանը, Նիկոլայ Բոգդանյանը, եղբայրներ Մուշեղ և Մուրադ Հարությունյանները և ուրիշներ...Նրանք սպանվեցին առանց հանցանք գործելու, լոկ այն պատճառով, որ բոլշևիկները նրանց մեջ "վտանգ" էին տեսնում:
     Այո', իհարկե "վտանգավոր" էին ՆՐԱՆՔ, որովհետև չէին ուզում իրենց երկիրը նորից ստրկացված տեսնել և այնքա~ն դժվարությամբ ձեռք բերված անկախությունը, որն ընդամենը 2,5 տարեկան մանուկ էր, դնել բոլշևիզմի սապոգի տակ:
     ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
     ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ ՆՐԱՆՑ:
     Լուսանկարը վերցված է Սիմոն Վրացյանի գրքից:
     Նկարում` վերևի շարքում ձախից 2-րդը Խմբապետ Համազասպն է, 3-րդը գնդ. Նիկոլայ Ղորղանյանը»:

7792 | 3
Facebook