Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կայացել է Դավիթ Բաբայանի՝ «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականությունը» գրքի շնորհանդեսը

13:30, ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ.
Կայացել է Դավիթ Բաբայանի՝ «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականությունը» գրքի շնորհանդեսը

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանում կայացել է իմ նոր «ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» գրքի շնորհանդեսը

21-րդ դարում մարդկությանն սպառնացող ավանդական վտանգները, ինչպիսին է, օրինակ, ռազմական վտանգը, այլևս երկրների և ժողովուրդների անվտանգության կարևորագույն մարտահրավերները չեն լինի: Հատուկ արդիականություն է այսօր ձեռք բերում անվտանգության այնպիսի բնագավառը, ինչպիսինն է բնապահպանական անվտանգությունը, մասնավորապես, դրա ջրային բաղադրիչը: Նման խնդիրների առաջ է կանգնած նաև Արցախի Հանրապետությունը, որի համար այս խնդիրը բարդանում է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պատճառով: Հետևաբար, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման գործում պետք է հաշվի առնվեն կարգավորման այնպիսի տարբերակներ, որոնք կապահովեն ԼՂՀ լիարժեք և արդյունավետ «ջրային» անվտանգությունը: Մենագրությունը բաղկացած է վեց գլուխներից: Առաջին՝ «Գլոբալ հիդրոքաղաքականությունը ժամանակակից միջազգային հարաբերություններում» գլխում անդրադարձ է կատարվում այնպիսի հարցերին, ինչպիսիք են ջրի խնդիրն ու ջրային պաշարների սակավությունը, ջրային հակամարտությունները, ջրային անվտանգությունը, հիդրոահաբեկչության և տեխնածին աղետների սպառնալիքները: Այստեղ բերված են օրինակներ մոլորակի ամենատարբեր շրջաններից (Ամերիկա, Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ղրիմ, Կենտրոնական Ասիա, Հեռավոր Արևելք): Երկրորդ՝ «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն. էթնոքաղաքական բնագավառները» գլխում ուսումնասիրվում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տարբեր բնագավառներ, ընդգծվում է Արցախի Հանրապետության ամբողջական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը՝ բացառելով Ադրբեջանի կողմից ցանկացած վնասակար ազդեցություն Ղարաբաղի վրա, որի գոյությունից է մեծապես կախված հայոց պետականության ապագան ընդհանրապես: Երրորդ՝ «Արցախի ջրային ռեսուրսները» գլխում նկարագրվում են Արցախի Հանրապետության հիմնական ջրային ռեսուրսները` գետեր, լճեր և ջրամբարներ, ստորգետնյա աղբյուրներ: Չորրորդ՝ «Ադրբեջանի հիդրոքաղաքականությունը նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (1921-1988թթ.) նկատմամբ» գլուխն ուսումնասիրում է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նկատմամբ Ադրբեջանի հիդրոքաղաքականությանն առնչվող հարցեր: Գլուխը բաղկացած է երեք ենթագլուխներից` «ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման լիակատար զսպանն ողղված Ադրբեջանի հիդրոքաղաքականությունը», «Բաքվի իշխանությունների հիդրոժողովրդագրական քաղաքականությունը նախկին ԼՂԻՄ-ում» և «Հիդրոահաբեկչություն»: Հինգերորդ` «Ջրային ռեսուրսների ռազմավարական նշանակությունն Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման և պետականաշինության գործընթացում» գլխում քննարկվում է Արցախի Հանրապետության համար ջրային ռեսուրսների կարևորությունը: Այս համատեքստում կարևոր դեր են խաղում Արցախի մի շարք տարածքներ, մասնավորապես, Քաշաթաղի, և հատկապես՝ Շահումյանի (Քարվաճառի) շրջանները: Վերջինս նաև Հայաստանի Հանրապետության ջրային անվտանգության կարևորագույն բաղադրիչն է, հատկապես հաշվի առնելով, որ Քարվաճառի շրջանում են սկիզբ առնում Արփա և Որոտան գետերը, որոնք, ի թիվս այլ բաների, կարևոր դեր են խաղում Հայաստանում ջրի հիմնական աղբյուրը՝ Սևանա լիճը փրկելու գործում: Եվ վերջապես, վեցերորդ գլխում ուսումնասիրվում են Արցախի և Ադրբեջանի՝ որպես հարևան երկու պետությունների միջև ապագայում փոխշահավետ համագործակցություն հաստատելու հեռանկարները: Ջրային ռեսուրսների հարցում ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունների ժամանակացույցը, որը ներկայացված է գրքում, բաժանված է երկու փուլի: Առաջին փուլն ընդգրկում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հիդրոքաղաքականությունը խորհրդային ժամանակաշրջանում: Այն մտավ գագաթնակետային փուլ 1960-ականների վերջին, երբ Ադրբեջանում իշխանության եկավ Հեյդար Ալիևը: Ալիևի դարաշրջանի սկիզբ առնելու հետ մեկտեղ Բաքվի իշխանություններն սկսեցին բացահայտորեն «ջրային ճնշման» քաղաքականություն վարել նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նկատմամբ, ինչպես նաև իրականացնել «հիդրոժողովրդագրություն», այսինքն` տարածաշրջանի կարևորագույն գետերի աղբյուրների նկատմամբ ժողովրդագրական գերիշխում: Նույն ժամանակահատվածում Ալիևի վարչակարգը սկսեց ԼՂԻՄ-ում վարել նաև «Հիդրոահաբեկչության» քաղաքականություն: Երկրորդ փուլն ընդգրկում է ԼՂՀ ջրային խնդրի ներկա վիճակը: Ադրբեջանի հետ դիմակայության ռազմական փուլի ավարտից հետո, ԼՂՀ-ն, կարելի է ասել, լիովին ապահովագրել էր իրեն իր ջրային ռեսուրսների վրա դրսից հնարավոր ազդեցությունից: ԼՂՀ-ն այսօր, հավանաբար, մեկն է աշխարհի այն քիչ պետություններից, որն ունենալով հարուստ ջրային ռեսուրսների պաշար, ամբողջովին վերահսկում է իր տարածքով անցնող գրեթե բոլոր ջրային զարկերակների աղբյուրները: Գիրքը գրվել է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ադրբեջաներեն լեզուներով աղբյուրների և ուսումնասիրությունների հիման վրա: Օգտագործվել են արխիվային նյութեր, պաշտոնական փաստաթղթեր, տպագրված աղբյուրներից (գրքեր, ֆորումներից նյութեր, ԶԼՄ-ներում հրատարակություններ) տեղեկատվություն, ինտերնետ-աղբյուրներ, ինչպես նաև Արցախի Հանրապետության ջրային տնտեսության համակարգի, առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունների աշխատակիցների, Բաքվի իշխանությունների հիդրոքաղաքականությունից տուժած ԼՂՀ քաղաքացիների հետ հեղինակի բազմաթիվ մասնավոր հանդիպումների ընթացքում ձեռք բերված տվյալներ: Օգտագործվել է նաև պաշտոնական փաստաթղթերի և հայտարարությունների լայն շրջանակ, մասնավորապես, ԼՂՀ նախագահի, վարչապետի, Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների որոշումներն ու պաշտոնական հայտարարությունները, ԼՂՀ կառավարության որոշումները, պարենային անվտանգության և բնապահպանության մասին ԼՂՀ օրենքները, ԼՂՀ ջրային օրենսգիրքը, ԼՂՀ վիճակագրական ժողովածուներ, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական հայտարարությունները»:

7223 | 0
Facebook