Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծովակ համայնքն ապահովվել է արտաքին լուսավորության համակարգով. ՎիվաՍել-ՄՏՍ

11:40, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ծովակ համայնքն ապահովվել է արտաքին լուսավորության համակարգով. ՎիվաՍել-ՄՏՍ

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում, ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ավելի քան 25 տարի, արտաքին լուսավորության համակարգ չի եղել։ Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են և շարքից դուրս եկել։

Գյուղի հիմնական փողոցները լուսավորվել են միայն երկու տարի առաջ՝ համայնքների զարգացումը ծրագրային ուղղություն դարձրած կազմակերպությունների գործակցության արդյունքում: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի ջանքերով, միայն 2017թ-ին, Ծովակում տեղադրվել է 50 LED լուսարձակ, իսկ այս տարվա ամռանը՝ ևս 43-ը: Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ստեղծման շնորհիվ՝ գյուղում լուսավորվել է 3300 մետր փողոց, որից շուրջ 1800 մետրը 2017թ-ին և 1500 մետրը՝ ընթացիկ տարում:

Ծրագրի երկրորդ փուլի ավարտից հետո, էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը և համայնքի բնակիչները:

«Այս ծրագիրն ունի կարևոր երկու նպատակ՝ նպաստել համայնքների զարգացմանը և թեթևացնել առկա բեռը: Նոր ենթակառուցվածքների կառուցումն իրականացվում է այդ տրամաբանությամբ: Ուրախ եմ արձանագրել, որ այս գյուղում ծրագիրն ունեցել է հաջող ընթացք. փողոցները լուսավորվել են, իսկ դրա համար ծախսվող միջոցները լրացուցիչ բեռ չեն հողի մշակի համար: Կա նաև առաջին հայացքից քիչ նկատելի, բայց առավել կարևոր արդյունք՝ մայրաքաղաք-գյուղ տարբերության կրճատումը: Դա չափազանց կարևոր է՝ հատկապես արագ տեմպերով զարգացող ժամանակակից աշխարհում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն էլեկտրական լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ օգտագործելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Արտաքին լուսավորության բնապահպանական և էներգախնայող համակարգի ներդրման շնորհիվ՝ գյուղական համայնքները էականորեն կրճատում են իրենց ֆինանսական բեռը, իսկ համայնքային միջոցների խնայումը նպաստում է գյուղական կյանքի աշխուժացմանը: Ծովակում համակարգի արդյունավետությունը զգացել են ծրագրի իրականացման առաջին իսկ փուլից:

2017թ-ից խնայված միջոցներով, մասնակիորեն լուծվել է ևս մեկ խնդիր. համայնքը կառուցել է ավելի քան 1 կմ. երկարությամբ խմելու ջրագիծ:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:

7801 | 0
Facebook