Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի Կոնգրեսում հայերի թիվը կարող է կրկնապատկվել. «Ամերիկայի ձայն»

17:00, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
ԱՄՆ-ի Կոնգրեսում հայերի թիվը կարող է կրկնապատկվել. «Ամերիկայի ձայն»

«Քանի որ հայկական արմատներ ունեմ, ակնկալում եմ Վաշինգթոնում բարձրացնել նաև հայ ժողովրդի ձայնը»,- Էնթոնի Բրինդիսին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի չորս ամերիկահայ թեկնածուներից մեկն է, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

Վերին Նյու Յորք նահանգը, որտեղից առաջադրվել է Բրինդիսին, աշխատավոր մարդկանց և Իջևանի բնությունը հիշեցնող երկիր է, որտեղ բացակայում է Նյու Յորք քաղաքի խելահեղ արագությունը:

«Այստեղ մարդիկ գնահատում են միասնական աշխատանքն ու մտահոգված են առողջապահության, նվազագույն աշխատավարձի բարձրացման և աշխատավորական միությունների խնդիրներով,- պատմում է Սամանթա Դերիսոփը,- հենց այդպիսի թեկնածու է Էնթոնի Բրինդիսին:

«Ես մեկն եմ, ով միշտ փորձում է միավորել մարդկանց հանուն ընդհանուր խնդիրների կարգավորման»:

Բրինդիսիի մասին ասում են, որ նա գործիչ է, ով կարողանում է միավորել թե՛ կուսակից դեմոկրատ և թե՛ հանրապետական գործիչներին: Վեթ Քասթելլոյի խոսքով՝ նրան աջակցում են աշխատավոր մարդիկ.

«Նա հասկանում է աշխատավորներին, նա մեր ընկերն է եղել և մեր թիկունքին կանգնել տարիներ շարունակ: Այսօր նա արժանի է մեր աջակցությանը և նա կստանա այն»:

Իր հայկական արմատները Էնթոնի Բրինդիսին համարում է իր անցյալի կարևոր մասը:

«Նախնիներս ծնվել են Եդեսիայում, Ցեղասպանության ընթացքում փախել, ապաստան գտել Սիրիայում: Հենց այնտեղ, Հալեպում էլ ծնվել է տատիկս»:

Սիրիայից տեղափոխվել են Միացյալ Նահանգներ՝ նոր կյանք սկսելու ակնկալիքով.

«Հենց դա է «ամերիկյան երազանքը», երբ մարդիկ այստեղ են ժամանում արտերկրից՝ աշխատելու ու ընտանիք ստեղծելու նպատակով և հաջողության են հասնում: Ես կանեմ ամեն ինչ, որ մենք մնանք երկիր, որը ողջունում է ներգաղթյալներին»:

Հաղթանակի դեպքում Էնթոնի Բրինդիսին մտադիր է սերտ համագործակցել հայ համայնքի հետ՝ հայ-ամերիկյան օրակարգի հարցերն առաջ տանելու նպատակով.

«Կփորձեմ անել ամեն ինչ Վաշինգթոնում՝ Ցեղասպանության ճանաչման համար, և արդեն իսկ հանդիպել եմ հայկական արմատներ ունեցող մի շարք կոնգրեսականների, որոնց հետ միասին պատրաստ եմ աշխատել՝ հայերի համար կարևոր հարցերի շուրջ»:

3917 | 0
Facebook