Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Տեխնիկայի փոխարեն ունեն ամենագնացներ և, իհարկե, կոռումպացված պաշտոնյաներ». կարծիքներ՝ «Խոսրովի արգելոց»-ում բռնկված հրդեհի վերաբերյալ

երկուշաբթի, 14 օգոստոսի, 2017 թ.

«Խոսրովի արգելոց»-ում բռնկված հրդեհն արդեն 4-րդ օրն է՝ չի հաջողվում հանգցնել: Հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար, ինչն էլ հասարակության մի մասի շրջանում քննարկման թեմա է դարձել:

Այս թեման մեկնաբանել են`

Լևոն Գալստյան, «Հայկական բնապահպանական ճակատ»-ի համակարգող խորհրդի անդամ

1000 հեկտարից ավելի տարածք է այրվում Արտավանի և Խոսրովի անտառներում, բայց պարզվում է՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կամավորների օգնության կարիք չունի։ Երբ զանգում ենք 911 և առաջարկում ճգնաժամային շտաբ ձևավորել, կոչ անել ժողովրդին օգնել իրենց, գրել կոնտակտային հեռախոսահամարներ, որպեսզի ցանկացողները կապվեն ու աջակցեն՝ մարդիկ ասում են կարիքը չկա դեռևս։ Հիմա սա ինչպե՞ս հասկանանք․․․

Նանա Գնդոյան, ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ

Ռուսական կողմը համաձայնությունն արդեն տվել է, հիմա իրականացվում են տեխնիկական հարցերը, որպեսզի ինքնաթիռը ժամանի Հայաստան: Ուղղաթիռ մենք ունենք, առավոտյան երկու թռիչք է ունեցել, բայց ուղղաթիռի սպեկտորն ինքնաթիռի նման մեծ չէ:
Օժանդակություն ցուցաբերելը չի նշանակում, որ ինչքան շատ մարդ լինի դեպքի վայրում, ուրեմն այդքան լավ: Երեկ «Հայկական բնապահպանական ճակատ» շարժման անդամները դիմել էին ԱԻՆ-ին, որպեսզի կամավորական ուժ ներգրավվի հրդեհաշիջման աշխատանքներում, սակայն նախարարությունից հայտնել էին, որ ԱԻՆ-ի ուժերը բավարար են, որը բնապահպանների մոտ դժգոհություն էր առաջացրել:
Օժանդակությունն այդպես չի լինում: Նախարարությունը մոբիլիզացրել է և ՊՆ-ի, և ոստիկանության ուժերը, այնտեղ աշխատում են պատրաստված մարդիկ, որոնք տիրապետում են գործունեության տեխնիկային: Բնակչությանը մոբիլիզացնելը վտանգավոր է, մարդիկ չունեն հրդեհաշիջման պրոֆեսիոնալ պատրաստվածություն և ինչ-որ մեկը կարող է նաև վնասվել: Ուսումնասիրել ենք միջազգային փորձը կամավորների ներգրավման ժամանակ: Մարդիկ մեծ պատրաստվածություն են անցնում, որպեսզի կամավոր այդ աշխատանքներում ներգրավվեն: Այնտեղ գործում է նաև ապահովագրական համակարգը: Եթե Աստված չանի քաղաքացին վնասվի, կան իրավական հիմքեր, որով պետությունը հոգում է իր քաղաքացու կրած վնասը: Կամավորական շարժումը մի ամբողջ համակարգ է, որը փորձում ենք ներդնել: Այս պահին չի կարելի բնակիչների ուղարկել, ասել՝ գնացեք, պայքարեք կրակի դեմ:

ՌԴ ԱԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունից ստացված հայտին համապատասխան՝ ՌԴ կառավարությունը հանձնարարել է երկրի ԱԻՆ-ին Երևան ուղարկել Իլ-76 օդանավ, որը հագեցած է ջրբացթողման համակարգով: Այն օգնելու է պայքարել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի դեմ:
ՌԴ ԱԻՆ-ի Իլ-76-ի անձնակազմը պատրաստված է դժվարին պայմաններում աշխատելու համար և ունի մեծ փորձ անտառային հրդեհների մարման գործում: Մեկ անգամ չէ, որ Ռուսաստանի և այլ երկրների տարածքում մասնակցել է արտակարգ պատահարների չեզոքացմանը:

Գալուստ Նանյան, բնապահպան

Ասենք ՌԴ-ն տրամադրում է հրեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռը, բա ինքնաթիռը ո՞ր ջրամբարից է ջուր լիցքավորելու:

Անի Կաղինյան, ակտիվիստ

Մինչև 2016 թվականի ապրիլը մենք բոլորս հարյուր տոկոս համոզված էինք, որ բանակը զինված է, որ զինվորի անվտանգությունն ապահոված է, որ կարելի է գողանալ ամեն տեղից, բացի բանակից: Բայց քառօրյա պատերազմը մեզ ապացուցեց հակառակը: Հիմա նույնը կատարվում է ԱԻՆ-ի հետ. մեզ անընդհատ ապացուցում էին, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը միակն է, որ նորմալ աշխատում է: Անտառների հրդեհներից հետո պարզվեց, որ այս նախարարությունը տեխնիկա չունի,
մարդկային ռեսուրս չունի և ի վիճակի չի կրակի դեմն առնել: Դուրս է գալիս՝ իշխանությունը հնարավորինս մսխել է ինչ հնարավոր և ինչքան հնարավոր է...

Փայլակ Ֆահրադյան, լրագրող

Արտակարգ իրավիճակների նախարարությունը կայացած է, չունի աշխարհն իրենց նման և նմանատիպ լոլոները իրականության հետ կապ չունեն: 4 օր է՝ հրդեհը հանգցնել չեն կարող, պարզվում է՝ սկի տեխնիկա չունեն:
Տեխնիկայի փոխարեն ունեն ամենագնացներ և, իհարկե, կոռումպացված պաշտոնյաններ:
Թե չէ օձ սաղն էլ կարան բռնեն, էլ չեմ ասում դեսպանատան մոտ նկատված օձի կաշի:

Տիգրան Մազմանյան, ակտիվիստ

Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարարին, վայ խեղճ տղա, մի հատ պաժառ չես կարում հանգցնես, մի բան էլ օգնություն ա խնդրում:
Երիցյան ջան, ականջդ կանչի:
Խոսրովի արգելոցն էլ թող իրա տերերը հանգցնեն, ովքեր ընդեղ լավ որս են անում:

Արամ Աբրահամյան, քաղաքական մեկնաբան, հեռուստահաղորդավար

Պարզապես՝ ի գիտություն: ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռի նման ինքնթիռ չունի ոչ միայն Հայաստանը՝ չունեն նաև տասնյակ եվրոպական երկրներ, որոնցից շատերը, իրենց երկրներում հրդեհների դեպքում, դիմել են Ռուսաստանի ԱԻՆ-ին, որ այդ ինքնաթիռն ուղարկի՝ իրենց հրդեհները մարելու:

Թորոս Ալեքսանյան, օգտատեր

2016-ի ապրիլին բոլորը զարմանում էին, որ բանակ չունենք, հիմա էլ բոլորը զարմանում են, որ ԱԻՆ չունենք մի փոքրիկ անտառային հրդեհի դեմ պայքարելու համար: Իսկ ես զարմանում եմ այս բոլոր զարմացողների վրա. հարգելիներս մեռանք ասելով, որ ՀՀ անունով պետություն գոյություն չունի, որ դա ֆարս է: Եթե, ինչ որ, եռագույն դրոշ է ծածանվում ՄԱԿ-ի շենքի հարևանությամբ, դա դեռ չի նշանակում, որ հայկական պետականություն գոյություն ունի: Արթնացեʹք վերջապես, հասկացեք, որ դուք ապրում եք բռնազավթված տարածքում, հասկացեք, որ դուք անազատ հպատակներ եք այլ ոչ թէ քաղաքացիներ, հասկացեʹք, որ դուք չունեք ոչ միայն ՊՆ և ԱԻՆ, այլև ԱԱԾ, ՆԳ, ԱԳՆ, ԱՆ, ԿԳՆ ու այդպես շարունակ, դուք չունեք նաև ԱԺ, ՍԴ ու պետականության մնացած բոլոր ինստիտուտները, կարճ ասած դուք չունեք պետություն: ՀՀ-ն անգամ ՌԴ-ի պրոտեկտորատ համարել չի կարելի, ՀՀ-ն ուղղակի ՌԴ-ի կողմից բռնազավթված, գաղութացված ու ֆորպոստի վերածված տարածք է, եթե այս պարզ բանը հասկանաք, ապա հավաստիացնում եմ ձեզ, որ ամեն ինչ իր տեղը կնկնի, դրանից հետո միայն կարելի է սկսել ինչ որ բան ձեռնարկել: Իսկ քանի դեռ դա չեք հասկացել և ռուսական օկուպացիան սպասարկող ռեժիմին իր ինստիտուտներով կընկալեք որպես ձեր պետականություն, ապա հերթական անգամ օտարների մոտ կամրապնդեք այն համոզմունքը, որ դուք ոչ ադեկվատ, հոգեպես անառողջ հանրույթ եք, որին, ինչպես որ ցանկացած հոգեկան հիվանդի, կամ թողնում են մեռնի կամ էլ, լավագույն դեպքում, վերցնում են իրենց խնամակալության տակ` բնականաբար սահմանափակելով ամեն տիպի իրավունքներն ու ազատությունները:

Արմեն Գրիգորյան, քաղաքագետ

Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ցուցարար ջրելու համար ջրցան կա, բայց կրակ հանգցնելու համար չկա, որտեղ Ադրբեջանից պաշտպանվելու զենքը 80-ականների է, իսկ ոստիկանների զենքն ու զինամթերքը գերժամանակակից, որտեղ կրթության համար բյուջեն նվազում է, իսկ ոստիկանության բյուջեն՝ անվերջ աճում, որտեղ ինչքան շատ մարդ է սկսում վատ ապրել, էնքան ավելանում է ոստիկանության աշխատողների թիվը, որտեղ, եթե բոլոր ոստիկանները իրար ձեռք բռնած շարք կանգնեն՝ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բնական պատնեշ կունենանք, և այդ երկրի անունն է Հայաստանի ոստիկանապետություն:
40001 | 0