Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որ պահին Վահան Շիրխանյանի անոթը ծակվի, նրա կյանքն այլևս հնարավոր չի լինի փրկել». պաշտպան

16:40, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
«Որ պահին Վահան Շիրխանյանի անոթը ծակվի, նրա կյանքն այլևս հնարավոր չի լինի փրկել». պաշտպան
     ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի արդեն երրորդ դատական նիստը երեկ` հունվարի 20-ին, կրկին հետաձգվել է, քանի որ չեն ցանկացել նրան պատգարակով կամ սայլակով ներկայացնել դատական նիստերի դահլիճ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ «Իհարկե, իրենք ուզում են ցույց տալ, թե պարոն Շիրխանյանը չի ուզում ներկայանալ դատարան, բաց շատ լավ տեղյակ են, որ նա չի կարող ինքնուրույն գալ, պետք է կամ պատգարակ, կամ սայլակ: Իր տարիքի համեմատ` լինելով նախանձելի առողջական վիճակում, նա կալանավորվեց 2015 թվականի դեկտեմբերի 19-ին և այդ օրվանից մինչև այսօր այդ մարդը դարձել է հաշմանդամ` բառի ամբողջ իմաստով: Նա ունի մի շարք առողջական խնդիրներ, որոնք բոլորը ձեռք է բերել կալանավորման ընթացքում: Կալնավորվելուց երեք ամիս հետո պարոն Շիրխանյանի նախկին պաշտպանները անընդհատ բարձրաձայնում էին, որ նրա վիճակը լավ չէ, բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Երեք ամիս հետո նա ստացավ թոքի ինֆարկտ և ուղղակի հրաշքով փրկվեց: Հիմա մենք աղաղակում ենք, որ նորից պրոբլեմներ են առաջացել, միգուցե ավելի մեծ: Այդ ինֆարկտի ժամանակ տեղադրել են պողպատյա ֆիլտր և հիմա այդ ֆիլտրը շեղվել է իր առանցքից և ոտիկներով խրվել անոթի մեջ: Առայժմ նրա բախտը բերում է, որ այդ ոտիկը դեռ միջանցիկ չի ծակել անոթի պատը: Որ պահին, որ ծակվի պարոն Շիրխանյանը կարող է ստանալ ներքին արյունահոսություն և կյանքը փրկել չհաջողվի»:
     Պաշտպանը նշեց, որ եթե անգամ Վ. Շիրխանյանին այս վիճակին միտումնավոր չեն հասցրել, ապա հիմա վստահ է, որ միտումնավոր թույլ են տալիս, որ այս վիճակը գնալով զարգանա: «Նա այս պահին ունի ողնաշարի շատ լուրջ խնդիր, ողերը ճզմել են ներվը և հիմա նա սարսափելի ցավեր ունի: Ինձ հետ առանձնասենյակում նստած խոսելիս` 20 րոպեից ավել անցնում է, զգում եմ, որ վայրկյաններն է հաշվում, որ գնա պառկի»:
     Հայկ Ալումյանը ասաց նաև, որ Վ. Շիրխանյանին թույլ չեն տալիս հանդիպել լրագրողների հետ և ասել, թե ինչու են իրեն այս վիճակում պահում, ում է ձեռնտու, որ ինքը երբեք դուրս չգա բանտից: «Լրագրողները դիմում գրեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի պետին: 10-15 րոպե հետ եկան և ասացին, որ դիմումը սխալ են գրել, լրագրողները նորից գրեցին: Այդպես մի քանի անգամ խմբագրել տվեցին այդ դիմումներն, ամեն անգամ մի պատճառաբանություն բերելով: Վերջում էլ եկան ասացին, որ չի կարող տեսակցություն տեղի ունենալ, որովհետև պարոն Շիրխանյանն այդ ամիս արդեն երկու անգամ տեսակցություն ունեցել է: Համբերատար սպասեցինք մյուս ամսվան: Այդ ամիս էլ դատարանը ընդհանրապես արգելեց նրա հետ տեսակցությունները ու որպեսզի ոչ ոք չհասկանա, որ դա արվում է, որ պարոն Շիրխանյանին թույլ չտան հանդիպել լրագրողների հետ, արգելեցին բոլոր 20 ամբաստանյալների տեսակցությունները: Հավանաբար պարոն Շիրխանյանի հայտնելիքի վերաբերյալ որոշ մարդիկ ունեն շատ լուրջ մտավախություններ, դրա համար էլ այսպես կրկեսային ժանրին նմանվող ձևով փորձում են կանխարգելել: Բայց մենք մի լուծում կգտնենք, պարզապես խնդիրն այն է, որ նրա առողջական վիճակն է գնալով վատանում»,- եզրափակեց պաշտպան Հայկ Ալումյանը:
     Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 27-ին:
4163 | 0
Facebook