Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պրեմիերա` «Տունը սահմանի վրա». քաղաքական գործիչների անհեթեթ քայլերը հանգեցնում են պատերազմի

17:20, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
Պրեմիերա` «Տունը սահմանի վրա». քաղաքական գործիչների անհեթեթ քայլերը հանգեցնում են պատերազմի

Պետական կամերային երաժշտական թատրոնում բեմադրվում է լեհ հանրահայտ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» ստեղծագործությունը, որի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 28-ին:

Թեման չափազանց արդիական է և համամարդկային: Պիեսի գործողությունները կատարվում են մեր օրերում:

Քաղաքական պայմանների թելադրանքով հերթական անգամ պետությունների միջև պետք է նոր սահման գծվի, որը ճակատագրի հեգնանքով անցնում է իր առօրյա կյանքով ապրող մի սովորական ընտանիքի տան ուղիղ մեջտեղով: Գործողությունների հետագա ընթացքը վեր է հանում երկու գերտերությունների քաղաքական խաղերն ու խարդավանքները, պետական տարբեր կառույցների անմիտ ու անտրամաբանական քայլերն ու դրանց կործանարար հետևանքները: Ընտանիքը, որպես ընդհանրական երևույթ, դարձել է այդ խարդավանքների զոհը, որի միջոցով հեղինակը սուր սարկազմով բացահայտում է այդ արհավիրքի կործանարար էությունը: Քաղաքական ու ռազմական գործիչների անհեթեթ որոշումներն ու քայլերը հանգեցնում են ողբերգության ու պատերազմի՝ ժողովուրդների կյանքը դարձնելով իսկական մղձավանջ:

Ներկայացումը հագեցած է պարային դրվագներով ու համահունչ երաժշտությամբ, որոնք ամբողջացնում են ներկայացումը՝ դիպուկ ու նպատակային դարձնելով տրագիկոմեդիայի ասելիքն ու գաղափարը:

Ներկայացման բեմադրող ռեժիսորը և երաժշտության հեղինակն է Արմեն Մարգարյանը, բեմական և զգեստների ձևավորումը Տաթև Հարությունյանի, պարերը և բեմական շարժումը Նարինե Միրզոյանի, թարգմանությունը Մարիաննա Գրիգորյանի, գործիքավորումը կոմպոզիտոր և երգահան Արթուր Հակոբյանի:

2671 | 0
Facebook