Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հիմա այդ օգնության քանի՞ տոկոսն է հասել հային` 1 %-ը, թե՞ 70 %-ը, ոչ ոք չի կարող ասել». Սարգիս Հացպանյանը` Հալեպ առաքված օգնության մասին

13:05, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
«Հիմա այդ օգնության քանի՞ տոկոսն է հասել հային` 1 %-ը, թե՞ 70 %-ը, ոչ ոք չի կարող ասել». Սարգիս Հացպանյանը` Հալեպ առաքված օգնության մասին

Ինչպես տեղեկացրել ենք, հոկտեմբերի սկզբին, Հալեպում ռազմական իրավիճակի սրման հետ կապված, Հայաստանից երկու օդանավով հումանիտար օգնություն ուղարկվեց Սիրիա: Սակայն տեղեկատվություն է տարածվում (նաև Հայաստան տեղափոխված հալեպահայերն են ահազանգում), որ ուղարկված օգնությունը հասցեատերերին չի հասել, այլ յուրացվել է Հալեպի առաջնորդարանի հոգևոր առաջնորդ Շահան Սարկիսեանի գիտությամբ:

MAMUL.am-ի թղթակիցը փորձեց ճշտել լուրերը: Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից տեղեկացրեցին, որ խնդրի առնչությամբ հարկավոր է պարզաբանում ստանալ Անթիլիասում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, քանի որ վերջինի ենթակայության ներքո է գտնվում Հալեպի հայ համայնքը: Իսկ թե Մայր Աթոռը նման տեղեկատվություն, ահազանգեր չի՞ ստացել այնտեղից, Տեր Վահրամ քահան Մելիքյանն ասաց. «Ոչ, նման ահազանգ չի ստացվել»:

Մեր թղթակիցը խնդրի շուրջ զրուցեց «Հալեպահայեր, մեզ բացակա չդնեք» նախաձեռնության հիմնադիր, սփյուռքահայ հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանի հետ: Ըստ մեր զրուցակցի, Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը, Սիրիայում ապրող, կարիքի մեջ գտնվող բոլոր մարդկանց համար էր, ինչը նաև բեռների վրա էր գրված: «Այսինքն` դա միայն հալեպահայերին ուղարկվող մարդասիրական օգնություն չէր, ինչը շատ նորմալ է: Տուժածներին տարանջատելն, իմ կարծիքով, ճիշտ չէ, քանի որ, եթե ռումբն ընկնում է, տուժում է ոչ միայն հայը, այլև արաբը…: Ժամանակին, որ Գյումրիում և Սպիտակում երկրաշարժ եղավ, տուժեցին շատ մարդիկ, այդ թվում` մալականներ, ասորիներ, գերմանացիներ…, բազմաքանակ օգնություն ուղարկվեց Հայաստան: Կարո՞ղ էինք ասել` այս օգնությունը հայերի համար է միայն, մենք ասում էինք` երկրաշարժից տուժածների համար է: Այդ իսկ պատճառով, Հայաստանից ուղարկված օգնությունը գնացել է Սիրիայի Արաբական Հանրապետություն` կարիքավորների համար: Հիմա դրա քանի՞ տոկոսն է հասել հային` 1 %-ը, 10 %-ը, 70 %-ը, ոչ ոք չգիտի և չի կարող ասել, դա կարող է իմանալ միայն նա, ով կազմակերպել և հասցրել է այն տուժածներին»:

Հարցին, թե ապա ինչո՞ւ է շրջանառվում Հալեպի առաջնորդարանի հոգևորական Շահան Սարկիսեանի անունը, Ս. Հացպանյանը դժվարացավ պատասխանել. «Միայն գիտեմ, որ հայերի առաջնորդարանը մեր Մայր Աթոռի միաբանությանը չի պատկանում: Այսինքն` այն անունը, որ քիչ առաջ տվեցիք, նա միայն Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի ենթակայության տակ է հոգևոր ծառայություն մատուցում, այդ իսկ պատճառով, նրան վերաբերվող ցանկացած հարցի պատասխան այնտեղից պետք է իմանաք»,- ասաց մեր զրուցակիցը:
    
     Առաջիկայում կփորձենք ստացված ահազանգերի վերաբերյալ պարզաբանում ստանալ Անթիլիասում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից:

2038 | 0
Facebook