Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գոհ եմ իմ տղաներից, նրանք արեցին այն ամենն, ինչ կարող էին անել». Հակոբ Սերոբյան

01:15, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2016 թ.
«Գոհ եմ իմ տղաներից, նրանք արեցին այն ամենն, ինչ կարող էին անել». Հակոբ Սերոբյան

Ռիոյի օլիմպիական խաղերից Երևան վերադարձած մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, ամփոփեց մեր հավաքականի մրցելույթներն օլիմպիական խաղերին։ Խոսելով Հարություն Մերդինյանի և Արթուր Դավթյանի մասին՝ Սերոբյանը նշեց․

«Ամեն ինչ լավ էր գնում, ուղղակի վերջում մեր ուզածը չեղավ։ Մինչ այդ ամեն ինչ մեր ծրագրածով էր գնում։ Շատ գոհ էինք։ Հարությունը բարձր գնահատականներով մտավ եզրափակիչ, եթե չլիներ վնասվածքն, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Օլիմպիական խաղերի չեմպիոն չասեմ, բայց երրորդ տեղի հնարավորություն ուներ։ Թեթև վնասվածք ուներ, դաստակի։ Իմ կարծիքով՝ եթե առաջին օրվա պես կատարեր վարժությունը, բարձր գնահատական կստանար։ Վնասվածքը խանգարեց։ Շատ էինք սպասում մեդալի, չստացվեց։ Կպարապենք, կշտկենք։ Ուրեմն թերություններ ունենք, պետք է մեր մեջ ման գանք գտնենք։ Ցավալի էր նաև Արթուրի՝ եզրափակիչ չմտնելը, բայց որ նման անկումից հետո նա 11-րդն էր, արդեն իսկ շատ բաների մասին է խոսում, նշանակում է որ ուժեղ էր, կարող էր, չստացվեց։ Ինչևէ, նա ժամանակ ունի, կմարզվի։ Վստահ եմ՝ իր խոսքը դեռ կասի։ Բնականաբար, տղաների մոտ լարվածություն կար։ Ամեն մի մեդալ շատ-շատ մեծ դժվարությամբ է նվաճվում, այն էլ օլիմպիական խաղերին։ Մենք պետք է հաջող հանդես գայինք։ Երևի շատ ոգևորվածությունից էր, առավել ևս որ տրիբունաներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էին։ Ինչևէ, գոհ եմ իմ տղաներից, նրանք արեցին այն ամենն, ինչ կարող էին անել»։

Օլիմպիական խաղերին մասնակցող առաջին հայ մարմնամարզուհու մասին հարցը հնչեցնելիս պարոն Սերոբյանը միանգամից ժպտաց՝ նշելով․

«Հիմա որ ասացիք Հուրի Գեբեշյան, ես ուղղակի ուրախացա։ Ես հպարտանում եմ նրանով։ Իսկական հայ աղջիկ։ Նա շատ լավ մասնակցեց, բարդացրեց իր վարժությունն, ավելի բարձր գնահատական ստացավ, քան աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, անգամ շատ մոտ էր եզրափակիչ մտնելուն։ Հայ մարմնամարզուհիների մեջ առաջինն էր, ով իր անվամբ տարր կունենա այսուհետ։ Կարծում եմ՝ սա խթան կլինի հայ աղջիկների համար։ Հիմա ունենք մարզուհիներ, ուղղակի դեռ փոքր են։ Հուսանք՝ ապագայում ցույց կտան իրենց հնարավորությունները։ 2020-ին չէ, 2024-ին հուսանք, որ օլիմպիական խաղերին մասնակից հայ մարմնամարզուհի կունենանք»։

Զրույցի վերջում Հակոբ Սերոբյանն ավելացրեց նաև, որ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահ Բրունո Գարդին խոստացել է մեր ֆեդերացիային մարզագույք նվիրել․

«Ֆեդերացիայի նախագահն ինձ անձամբ շնորհավորել է՝ մեդալի կապակցությամբ։ Զարմացա, թե ի՞նչ մեդալի մասին է խոսքը։ Նա ասաց, որ մեզ համար սա մեդալ է։ Նա խոսք է տվել, որ մեզ գույքով կապահովի։ Տեսնենք, հուսանք»,- եզրափակեց Սերոբյանը։

3221 | 0
Facebook