Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը հաղթում է Սիրիայում ԱՄՆ-ի հետ միջնորդավորված պատերազմում

20:05, երկուշաբթի, 08 օգոստոսի, 2016 թ.
Պուտինը հաղթում է Սիրիայում ԱՄՆ-ի հետ միջնորդավորված պատերազմում

Ռուսաստանի ռազմական հաջողությունները Սիրիայում ազդեցության նոր լծակներ տվեցին Մոսկվային Մերձավոր Արևելքի ապագայի շուրջ որոշումներ կայացնելու գործում, գրում է The New York Times-ը:
     Ինչպես նշվում է, անցյալ տարի հազարավոր գրոհայինների ճնշման տակ սիրիական բանակը դիրքեր է հանձնել և լքել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածքներ: Ապստամբների առաջխաղացմանը նպաստում էին Կենտրոնական հետախուզական վարչությունն ու Սաուդյան Արաբիան, ովքեր հզոր հակատանկային հրթիռներ էին մատակարարում նրանց:
     Ամերիկյան հետախուզության գնահատականներով` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կորցնում էր իշխանությունը, շարունակում է պարբերականը: Սակայն օգնության հասավ Ռուսաստանը, և գրոհայիններն սկսեցին նահանջել: ԿՀՎ-ն մեծացրեց աջակցությունն ու ավելացրեց հրթիռների մատակարարումը, սակայն դա չօգնեց:
     1980թ Աֆղանստանի պատերազմից ի վեր առաջին անգամ ռուս զինվորականները բաց հակամարտության մեջ մտան ապստամբական ուժերի հետ, նշում է NYT-ն: Բայց եթե Աֆղանստանում այդ ուժերը գերիշխում էին, ապա Սիրիայում հակառակ իրավիճակն է:
     «Ռուսաստանը հաղթել է միջնորդավորված պատերազմը, համենայն դեպս, ներկա պահին»,-հայտարարել է Վուդրո Վիլսոնի անվան գիտության միջազգային կենտրոնի քաղաքագետ Մայքլ Քոֆմանը:
     Ինչպես գրում է թերթը, Սիրիայում Ռուսաստանի ռազմավարության հաջող ընթացքն ստիպում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային համագործակցել ռուս գործընկերոջ հետ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Ընդ որում, Սպիտակ տան ղեկավարն ավելի վաղ պնդում էր, թե Ռուսաստանը «խրվելու է» սիրիական հակամարտության մեջ:

9409 | 1
Facebook