Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հռոմի Պապը սբ. Էջմիածնից ողջույնի խոսք է հղել հայ ժողովրդին

17:00, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
Հռոմի Պապը սբ. Էջմիածնից ողջույնի խոսք է հղել հայ ժողովրդին
     Հռոմի Պապը Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում շնորհակալության և ողջույնի խոսք հղեց հայ ժողովրդին: Ֆրանցիսկոս Պապն իր ելույթում մասնավորապես ասում է. «Մեծարգո եղբայր, ծայրագույն պատիրարք և Կաթողիկոս ամենայն հայոց, սիրելի եղբայրներ և քույրեր, ի Քրիստոս հուզումով ոտք դրեցի ձեր ժողովրդի պատմության վկայի, նրա հոգեկանության լուսաշող կենտրոնի, այս սրբազան վայրի շեմին. և Աստծու թանկագին պարգևն եմ համարում, որ կարողացա մոտենալ սուրբ սեղանին, որից Քրիստոսի լույսը սփռվեց Հայաստանում: Ողջունում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին` շնորհակալություն հայտնելով Ս. Էջմիածին այցելելու հաճելի հրավէրի համար, Հայ Առաքելական Եկեղեցու Արքեպիսկոպոսներին և Եպիսկոպոսներին, և շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ սրտագին և ցնծալի ընդունելության համար, որ ինձ պարգևեցիք:

Շնորհակալություն, Ձերդ Սրբություն, ինձ՝ Ձեր տանը հյուրընկալելու համար. սիրո այս նշանը բառերից շատ ավելի պերճախոս կերպով արտահայտում է, թէ ինչ է նշանակում ընկերությունն ու եղբայրական սերը:

Այս հանդիսավոր առիթով Տիրոջ գոհությունն եմ մատուցում ձեր երկրում վարած հավատի լույսի համար. հավատ, որ Հայաստան աշխարհին տվեց իր ուրույն ինքնությունը և նրան Քրիստոսի պատգամները կարգեց Ազգերի մոտ: Քրիստոս է Ձեր փառքը, Ձեր լոյսը, արեգակը՝ որ Ձեզ լուսավորեց և նոր կյանք պարգևեց, որ Ձեզ ուղեկցեց և սատարեց հատկապես մեծագույն փորձությունների պահերին:

Խոնարհվում եմ Տիրոջ ողորմության առաջ, որ կամեցավ Հայաստանը լիներ առաջին ազգը 301 թվականից, ընդունելու Քրիստոնեությունը որպես իր կրոնը, այնպիսի ժամանակաշրջանում, երբ հռոմեական կայսրության մէջ դեռ բորբոքվում էին հալածաքները:

Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ, որ կարելի է հագնել կամ հանել, պարագաների կամ առիթների համաձայն, այլ սեփական ինքնության բաղկացուցիչ իրականություն, գերազանց պարգև՝ ուրախությամբ ընդունելի և ժրաջանությամբ և ուժով պահպանելի: Ինչպես գրեց սուրբ Հովհաննես Պողոս Բ-ն, «հայ հասարակության «Մկրտությամբ» ծնունդ է առնում ժողովրդի նոր ինքնություն, որ հայ լինելու անբաժանելի և բաղկացուցիչ մաս է դառնալու: Այդ պահից այլևս անհնար է մտածել, որ տույալ ինքնության բաղադրիչների շարքին տեղ չգտնի Քրիստոսի հավատը, որպես էական բաղկացուցիչ» (Առաքելական նամակ հայ ժողովրդի մկրտության 1700 յոբելեանի առիթով [2 Փետրուար 2001], 2):

Տերը թող օրհնի ձեզ՝ հավատի այս լուսավոր վկայության համար, որ օրինակելի կերպով ապացուցում է առավել քան 1700 տարի առաջ ընդունած Մկրտության հզոր արդյունավետությունն ու բեղունությունը, մարտիրոսության պերճախոս և սուրբ նշանով, որ ձեր ժողովրդի պատմության կայուն մասնիկն է դարձել:

Գոհություն եմ մատուցում Տիրոջ նաև այն ընթացքին համար, որ Կաթողիկե Եկեղեցին և Հայ Առաքելական Եկեղեցին կատարեցին եղբայրական և անկեղծ երկխոսության միջոցով` հասնելու համար լիարժեք կիսելու գոհության Սեղանը: Սուրբ Հոգին թող օգնի մեզ իրականացնելու այն միությունը, որի համար աղոթեց մեր Տերը, որպեսզի իր աշակերտները մի լինեն և աշխարհը հավատա:

Ինձ հաճելի է հիշել այժմ, մեր երկու Եկեղեցիների միջև հարաբերությունների խորացման և երկխոսության ամրապնդման՝ վերջերս տրված վճռորոշ մղումը, Նորին Սրբություններ Վազգեն Ա-ի և Գարեգին Ա-ի և սուրբ Հովհաննէս Պողոս Բ-ի և Բենեդիկտոս ԺԶ-ի կողմից: Համամիութենական այս ջանքերի հատկապես նշանակալից փուլերի շարքին հիշում եմ Ի դարու հավատի Վկաների հիշատակությունը, 2000 թվականի Մեծ Հոբելեանի շրջանակներում. Ձերդ Սրբության հանձնումը քրիստոնյա Հայաստանի Հոր՝ Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքից՝ Երևանի նորակառույց Տաճարի համար. Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Բ-ի և Ձերդ Սրբության ստորագրած համատեղ Հայտարարությունը՝ ճիշտ այստեղ, Սուրբ Էջմիածնում. ինչպես նաև Ձերդ Սրբության կատարած այցերը Վատիկան, կարևոր պահերի և հիշատակությունների առիթով:

Դժբախտաբար աշխարհը բաժանումներով և ընդհարումներով է խառանված, ինչպես նաև նյութական և հոգևոր աղքատության ծանր վիճակներով, ներառյալ մարդկանց, նույնիսկ երեխաների և ծերերի չարաշահումը, և ակնկալում է քրիստոնյաներից փոխադարձ գնահատման և եղբայրական համագործակցության վկայություն, որպեսզի կրկին փայլի ամեն խղճի առաջ Քրիստոսի Հարության զորությունն ու ճշմարտությունը:

Համբերատար և մշտանորոգ ջանքը դեպի լիարժեք միություն, համատեղ ձեռնարկների հզորացումը և ի տես հասարակաց բարիքի, Տիրոջ բոլոր աշակերտների միջև համագործակցությունը՝ նման են փայլակնացայտ լույսի՝ խավարամած գիշերվա մեջ, և կանչ է ապրելու սիրով և նոյնիսկ տարբերությունների փոխըմբռնմամբ:

Համամիութենական ոգին օրինակելի է դառնում նաև եկեղեցական հասարակության տեսանելի սահմաններից դուրս, և բոլորի համար ներկայացնում է մի զորավոր կոչ՝ տարակարծությունները հարթելու երկխոսությամբ և արժևորելով այն՝ ինչ միացնում է:

Համամիութենական ոգին միաժամանակ արգելում է հավատի չարաշահումն ու շահարկումը, որովհետև պարտավորեցնում է հայտնաբերել նրա հարազատ արմատները, հաղորդել, պաշտպանել և տարածել ճշմարտությունը՝ յուրաքանչյուր մարդկային էակի արժանապատվության պահպանմամբ, և այնպիսի ձևերով, որոնցից թափանցի այն սիրո և փրկության ներկայությունը՝ որ ցանկանում ենք սփռել: Այսպես, համոզիչ վկայություն ենք տալիս աշխարհին – որ նրա ահավոր կարիքն ունի, թե Քրիստոս կենդանի է և գործուն, կարող՝ ազգերի, մշակույթների և կրոնների միջև միշտ նորանոր հաշտության ճանապարհներ բացելու: Վկայում ենք և հավատացնում որ Աստված սեր է և գթասրտություն:

Սիրելի եղբայրներ, երբ մեր գործը ներշնչուած է և մղուած Քրիստոսի սիրո ուժով, զարգանում են փոխադարձ ճանաչումն ու համարումը, ստեղծվում են լավագույն պայմաններ համամիութենական պտղաբեր ընթացքի, և միաժամանակ, մատնանշվում է յուրաքանչյուր բարի կամք ունեցող անձի և ամբողջ հասարակության՝ առարկայական երթևեկելի ճանապարհ՝ ներդաշնակելու համար հակամարտությունները, որ պատառոտում են քաղաքակիրթ կյանքը և փորում են դժվար բուժվող բաժանումներ: Ամենակարողն Աստված, մեր Տեր Յիսուս Քրիստոսի Հայրը, բարեխոսությամբ ամենասրբուհի Մարիամի, «սյուն լուսո Հայաստանյայց Եկեղեցու» Գրիգոր Լուսավորչի և Եկեղեցու Վարդապետ սուրբ Գրիգոր Նարեկացու, օրհնի բոլորդ և ամբողջ Հայ Ազգը և միշտ պահպանի այն հավատի մեջ որ ստացել է հայրերից և փառավոր վկայություն տվել դարեդար

3400 | 1
Facebook