Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է զգոն լինել, որ Լարսում կուտակված անորակ ապրանքը Հայաստանում չհայտնվի». Հրաչ Բերբերյան

19:01, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
«Պետք է զգոն լինել, որ Լարսում կուտակված անորակ ապրանքը Հայաստանում չհայտնվի». Հրաչ Բերբերյան
     «Թուրքական գյուղմթերքների Ռուսաստան ներմուծման դադարեցումն աշխուժություն է մտցրել Հայաստանի գյուղերում։ Երեկ տեղեկացանք, որ «Սպայկա» ընկերությունն Արարատի մարզի Մասիսի շրջանի որոշ գյուղերի ջերմոցների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել լոլիկն անհամեմատ թանկ գներով մթերելու վերաբերյալ»,- այս մասին այսօր գրել էր «Հրապարակ» օրաթերթը։
     Թեմայի շուրջ ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը զրուցել է ՀՀ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի հետ. «Կարծում եմ, որ Հայաստանի բանջարեղենը Ռուսաստանի շուկայում իր յուրովի տեղը պետք է գտնի: Մենք այսօր ծրագրեր ենք մշակում, որ հետագայում վաղահաս կարտոֆիլն էլ Ռուսաստան արտահանենք: Այստեղ մի ուրիշ վտանգ եմ տեսնում: Աստված մի արասցե, որ Լարսում կուտակվող մեքենաները մի քանի շաբաթ այնտեղ մնալուց հետո, հանկարծ մաքսազերծվեն Վրաստանի տարածքում, հետո որպես վրացական արտադրանք, հայտնվեն Հայաստանում: Պետք է զգույշ լինենք, մեր արտադրողին պաշտպանենք և այդ անորակ արտադրանքը, որը Ռուսաստանը խոտանել է, Հայաստան չմտնի»:
     Անդրադառնալով հարցին, որ անցած տարի այս շրջանում լոլիկի գինը 500-800 դրամ էր, մինչդեռ այս տարի կարող է հասնել մինչև 2-3 հազարի, Հ. Բերբերյանն ասաց. «Կարծում եմ, որ անցած տարվա գները կպահպանվեն, որևէ վտանգ չկա, որ բանջարեղենը կգերազանցի անցած տարվա գներին: Եթե մեզ մոտ մատչելի գներով այդ լոլիկը վաճառեն, որը շահութաբեր է ջերմոցատերերին, հավատացեք՝ ամբողջը դուրս չի գա, կմնա այնքան, ինչքան, որ պետք է մնա»:
     Մեր զրուցակիցն ասաց, որ այս մասին մտահոգությունները հայտնել է նաև ՀՀ գյուղնախարարին: «Համենայն դեպս բոլորն էլ զգոն են, որ այդ անորակ արտադրանքը, որ Լարսում կուտակվել է, Հայաստանում չհայտնվի: Եթե Ադրբեջանը կուզի էդ անորակ ապրանքը տանի, թող տանի: Մեքենաներին ավելի ձեռնտու է անվճար դատարկել Վրաստանում, քան բարձված հետ գնալ: Մենք պետք է աչալուրջ լինենք, պատկերացնում եք՝ մի տասը օր Լարսում կանգնելուց հետ, ինչ պետք է լինի այդ բանջարեղենի վիճակը: Եթե այս ապրանքը լցվի Հայաստան, մեր ջերմոցատերերը իրոք հարված կստանան, գների շեշտակի անկում կլինի, կընկնի իրենց շահութաբերությունը: Մենք այսօր ամեն ինչ պետք է անենք, որ տեղական արտադրողին նեցուկ լինենք»,- եզրափակեց նա:
4281 | 0
Facebook