Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սրանք բդեշխություններ են ստեղծել` Գ. Ծառուկյանը մի տեղ, Ս. Խաչատրյանն՝ այլ տեղ, որոնք ծառայում են գլխավոր շեյխին` Ս. Սարգսյանին». Գագիկ Սարուխանյան

17:30, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
«Սրանք բդեշխություններ են ստեղծել` Գ. Ծառուկյանը մի տեղ, Ս. Խաչատրյանն՝ այլ տեղ, որոնք ծառայում են գլխավոր շեյխին` Ս. Սարգսյանին». Գագիկ Սարուխանյան

Երկրի ներքաղաքական խնդիրների շուրջ ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը զրույցել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանի հետ:

- Պարո´ն Սարուխանյան, վերջին շրջանում երկրում բազմաթիվ անցանկալի երևույթներ տեղի ունեցան: Դրանցից մեկը` Սյունիքի մարզպետի որդուն ազատ արձակելն էր: Կարելի՞ է արձանագրել, որ սա Քննչական կոմիտեի հերթական մանիպուլյացիան է:

- Ճիշտն ասած՝ ես չէի ուզենա տարանջատել Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված այս դրվագը` երկրում տիրող ընդհանուր մթնոլորտից: Այսինքն` եթե դու իշխանավոր ես և կանգնած ես գլխավոր անօրինականությունները կատարող անձի կողքին և կատարում ես նրա պատվերները, նշանակում է` դու անձեռնմխելի ես: Այստեղ Ս. Խաչատրյանի և իր որդու գործն առանձին հանգամանքով չարժե դիտել, երկրում համատարած բեսպրեդել է: Ս. Խաչատրյանի օրինակով մենք ունենք բազմաթիվ օրինակներ: Օրենքը խախտել ես, ուրեմն պետք է գնաս, դատվես: Իսկ օրենք խախտելը բխում է ոչ թե Քննչական կոմիտեի գործողություններից, այլև, ի պաշտոնե, Սահմանդրությունը և օրենքը պաշտպանող առաջին դեմք հանդիսացող Սերժ Սարգսյանի խախտումներից: Այսինքն` այս ամենը հրահանգված է: Բավական է մեկ բառ ասել նույն Քննչական կոմիտեին, թե այս մարդուն բաց թողեք և բաց կթողնեն: Նա օրենքի հետ, օրենքի տարրի հետ բացարձակ կապ չունի: Չի էլ հասկանում` ինչ բան է: Նա գիտի մի բան` ես այսպես եմ ուզում և վերջ: Ու մեր ցավը Ս. Սարգսյանը չէ: Մեր ցավն այն է, որ Ս. Սարգսյանի նմանին սպասարկողներ շատ ունենք: Սա ավելի շատ է ինձ վրդովվեցնում: Այսօր Ս. Սարգսյանն օրենքը խախտող առաջին դեմքն է: Նա անօրինական, ապօրինի, սահմանադրական փոփոխությունների գործընթաց է սկսել, որը ոտքից գլուխ անօրինական է: Մենք այսօր ժամը 14-00-ին դարձյալ մի նամակ ենք հանձնել Ս. Սարգսյանին, որի մեջ նշել ենք, որ ինքն անօրինական գործողություններ է անում և օրենքի առջև պատասխան է տալու:

- Ձեր կարծիքով, Սահմանադրական փոփոխությունների շուրջ ինչո՞ւ չկա հանրության կողմից բուռն ընդվզում, այն ակտիվ շարժումը, որը պետք է ծավալվեր:

- Այսօր շատ է խոսվում, թե հոգնեցրել են մարդկանց, հիասթափեցրել են, վախի մթնոլորտ է և այլն: Դա նույնպես ազդում է մարդու հոգեբանության վրա: 25 տարի առաջ մենք ձեռք բերեցինք անկախություն, և օրեցօր, նախորդ և ներկայիս իշխանություններն իրենց գործունեության նպատակն են դարձրել կոտրել այդ վերելքը: Իրենք ուրիշ ոչ մի բանով չեն զբաղվել. Ի՞նչ տնտեսության աճի մասին է խոսքը, ի՞նչ օրենքների մշակման մասին է խոսքը: Նրանց գործունեության հիմքում ընկած է եղել մի բան, որ այդ ոգեշունչ վերելքն, անկախություն ստանալուց հետո, կոտրեն մարդու մեջ, որպեզի իրական ազատությունները չգան: Ժողովուրդը, սակայն, ես համոզված եմ, մի օր իր մեջ կգտնի այն կամքը, և կտրականապես կկանգնի ոտքի և կհեռացնի այս հանցավոր ռեժիմին, բայց այս բոլոր ընդվզումների պրոցեսում է դա կատարվելու: Ես գիտեմ՝ յուրաքանչյուր ընդվզող խումբ ինչ էլ որ անում է, դա միայն օգտակար է: Նույնը կարող եմ ասել «Ոչ»-ի շարժման մասին: Չնայած որ, ես գտնում եմ, որ այս ամբողջ պրոցեսը պետք է կոչել հակասահմանադրական գործողություն: Սահմանադրական փոփոխությունն ինքնին հակասահմանադրական է: Ինչպե՞ս կարելի է հրամցնել ժողովրդին փաստաթղթերի մի փաթեթ, որին նա նույնիսկ ծանոթ չէ: ԱԻՄ-ն առաջարկել էր բացարձակ ժողովրդավարության ծրագիրը և արդեն տասը տարի է այդ աշխատանքը տարվում է: Բացի այդ, երբ որ հայտարարվեց սահմանադրական փոփոխությունների մասին, ԱԻՄ-ն արդեն այդ փաթեթը ներկայացրել էր Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին: Ոչ մի արձագանք: Անգամ այստեղ քրեորեն պատասխանատվության ենթարկելու արարք են կատարել, այսինքն` պետական պաշտոնյան պետք է պատասխան տար` ի՞նչն է դրա վատը` կա´մ համեմատության մեջ դներ, կա´մ քննարկում ծավալեր: Նրանք համոզված էին ուղղակի, որ ԱԻՄ-ի կողմից ներկայացված փաթեթն այնքան հզոր էր ժողովրդավարական իմաստով, որ իրենք ոչ մի հակադրելու բան չունեին: Դրա համար էլ այսպես հանցավոր լռակյացությամբ անցկացնում են իրենց սահմանադրական փոփոխությունների հանցավոր ծրագիրը: Շատրեն ասում են, որ այս ծրագրում իրենց իշխանությունը հավերժացնելու միտում կա: Այստեղ խնդիրը նրանում չէ, թե օտար ուժերի համար Ս. Սարգսյա՞նը կլինի նախագահ, թե ուրիշ մեկը, այստեղ ինչ-որ դավադրություն կա հայ ժողովրդի նկատմամբ, որպեսզի հեշտությամբ կարողանան ինքնիշխանությունը հանձնել:

- Մեր օրերում արդարադատության դեֆիցիտ կա, որի պատճառով, շատ հաճախ, մարդիկ չեն փորձում պաշտպանվել, պայքարել` ապացուցելու համար իրենց անմեղությունը: Մի՞թե արդարադատություն հաստատելու միակ ճանապարհը իշխանափոխությունն է, թե՞ ուրիշ այլ տարբերակներ եք տեսնում:

- Իշխանափոխությունը միակ ճանապարհն է` դեպի լուսավոր և ազատ Հայաստան, որովհետև չի կարելի ասել` եկեք այս իշխանությանը հանգիստ թողնենք, քանի որ նա խոստացել է արդարադատություն իրականացնել: Նա պարզապես ի վիճակի չէ դա անելու: Խանությունները ծառայում են օտար ուժերին, իսկ հենց այդ օտար ուժերն էլ թելադրում են, թե որ պահին ինչ դավադրություն անեն հայ ժողովրդի գլխին: Լինի դա ՀԷԿ-ի հետ կապված, տրանսպորտի գնի, սահմանադրության, արդարադատության, թե մեկ ուրիշ բանի: Շատ կարկառուն քաղաքական գործիչներ այսօր ասում են` այս սահմանադրությունը փրկություն է: Եղբա´յր, սրանից երկու ամիս առաջ դուք փրկությունից չէիք խոսում, դուք խոսում էիք «առաջ Հայաստան»-ի մասին, «դեպի պայծառ ապագա»-ի մասին, ի՞նչ պատահեց, ի՞նչ փրկություն, ո՞վ է հասցրել այն վիճակին, որ հիմա էլ փրկության կարիք կա: Եթե դու հասցրել ես այս վճակին, դու պետք է հեռանաս, մյուսը` կուղղի: Սրանք բդեշխություններ են ստեղծել` Ծառուկյանը մի տեղ, Ս. Խաչատրյանն՝ այլ տեղ… Ամեն մի շրջանում էսպիսի մի բդեշխ կա, որը ծառայում է գլխավոր շեյխի համար: Հետո էլ գնում են եվրոպաներում սուտի-մուտի բաներ են խոսում, եվրոպացիք էլ հո ապո՞ւշ չեն, լավ տեսնում են՝ ինչ է կատարվում, ուղղակի մեզ, այս պոտենցիալն ափսոսալով, դեռ սանկցիաներ չեն կիրառում Հայաստանի նկատմամբ` հույս ունենալով, որ ժողովուրդն օրերից մի օր կկարողանա իր տան ներսում կարգուկանոն հաստատել:

5767 | 5
Facebook