Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչու են ծնողները «սարսափով» սպասում սեպտեմբերին

15:35, կիրակի, 30 օգոստոսի, 2015 թ.
Ինչու են ծնողները «սարսափով» սպասում սեպտեմբերին
     Մոտենում է սեպտեմբերի 1-ը, դրա հետ մեկտեղ էլ ավելանում են հայաստանաբնակ ծնողների հոգսերն ու խնդիրները: Թե ինչու են վերջիններն այդքան սարսափում դպրոցի անունը լսելիս, դժվար չէ կռահել: Ամառային երեքամսյա արձակուրդի ընթացքում նրանք, փոխանակ հանգստանալու, լիցքաթափվելու, մի փոքր «շունչ առնելու», գումար են տնտեսում, որպեսզի սեպտեմբերի գալուն պես կարողանան դպրոցների պահանջները կատարել: Այդ պահանջները ոչ միայն տարբեր առիթներով կազմակերպված դրամահավաքների հետ են կապված, այլև այն ծախսերի, որոնք դպրոցի պատերից դուրս են` դպրոցական համազգեստ, գրենական պիտույքներ, վճարովի գրքեր (ի դեպ, բավականին թանկարժեք- խմբ.):
     Ի՞նչ անի ծնողն, ով, ասենք, ունի մեկից ավելի դպրոցահասակ երեխա: Ամեն տարի, ուսումնական տարին սկսվելուց առաջ, թե՛ ԿԳ նախարարությունը, թե՛ քաղաքապետարանը հայտարարում են, որ դպրոցներում գոյություն ունեցող ծնողական ֆոնդ ասվածն արգելված է (ի դեպ՝ հանրակրթության վարչության պետը լրագրողների հետ վերջին հանդիպմանը բառացիորեն ընդգծեց, որ դպրոցների պատերի ներսում տեղի ունեցող առուվաճառքն արգելված է, և նման երևույթի համար խստիվ պատասխան են տալու տնօրենները), մինչդեռ շատերը կփաստեն, որ այդ ախտածին երևույթն առկա է, և կարծես թե, «արմատախիլ» անել ոչ մի կերպ չի լինում, ինչի առնչությամբ էլ լրատվամիջոցները բազմաթիվ բողոքներ են ստանում:
     Երեսունութամյա Անահիտն այս ուսումնական տարում երկու երեխա է դպրոց ճանապարհելու: Նրանք սովորում են թիվ 119 դպրոցում: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հարցին, թե որքան գումար է ծախսել երեխաներին դպրոց ուղարկելու համար, նա դառնորեն ժպտաց` «Դեռ ոչինչ չեմ արել, սպասում եմ ամուսինս գումար ուղարկի»: Անահիտը պատմեց, որ ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնել ՌԴ: Այս տարի, տնտեսական անբարենպաստ իրավիճակով պայմանավորված՝ գործերն այնքան էլ լավ չեն: «Բոլոր ապրանքներն՝ սկսած ծաղիկներից, թանկ են վաճառում այս օրերին»,- սրտնեղեց մեր զրուցակիցը:
     Ինչ վերաբերվում է համազգեստին` Անահիտի խոսքով՝ աղջիկն անցած տարվա իր համազգեստը դեռ հագնելու է, իսկ կոշիկներ, այս ուսումնական տարում, երկուսին էլ պետք են. «Էս խանութներն էլ իրանց հերթին են իրանց հոր գները դնում, ախր հեչ խիղճ չունեն: Մի հատ ստից սրիչը կամ ռետինը 100-150 դրամ են վաճառում: Մարդիկ ասում են՝ գնա չգիտեմ որ խանութից էժանը առ, ես էդքան ճանապարհ կտրեմ, տրանսպորտին փող տամ, նույն բանը չի ստացվո՞ւմ»,- դժգոհում էր երկու երեխաների մայրը: Նրա աղջկան նոր պայուսակ էլ է պետք, հինը մաշվել է: Գուլպաներ, սպորտային համազգեստ, տղային՝ սպորտային համզգեստ և բոթաս.«Շրջել եմ խանութներում, բավականին թանկ արժեն…»,- սրտնեղեց մեր զրուցակիցը: Ի դեպ, ցանկացած ծնողի ամենից շատ վրդովեցնում է դպրոցների կողմից տրվող վճարովի գրքերի փաստը, որոնք աշակերտներն օգտագործում են մինչև տարեվերջ և նորից վերադարձնում: «Չենք հասկանում, տեսնես ինչո՞ւ են այդ գրքերը վաճառում, որ պետք է նորից վերադարձնենք»,- զարմանում է Անահիտը և նշում, որ այդ մաշված, պատառոտված գրքերը ևս բավականին թանկ արժեն:
9878 | 1
Facebook