Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչպես երեխային վարժեցնել «դպրոցական ռեժիմին»

11:05, կիրակի, 30 օգոստոսի, 2015 թ.
Ինչպես երեխային վարժեցնել «դպրոցական ռեժիմին»

Ինչպես ամեն մի լավ բան, այնպես էլ ամառային արձակուրդներն, ավարտվում են արագ ու ակնթարթորեն: Որքան էլ այն երկարաժամկետ լինի, միևնույն է, էլի քիչ է, հատկապես երեխաների համար:
     Սովորաբար երկար հանգստից հետո առաջ է գալիս հարմարվողականության խնդիրը, և բնականոն հուն ընկնելու համար ժամանակ է պետք: Դա հատկապես զգալի է դպրոցական տարիքի երեխաների շրջանում, ովքեր կորցրել են պատասխանատվության զգացումն, ապրում են իրենց ստեղծած ռեժիմով և դժկամություն ու տհաճություն են զգում դասուդպրոցի մասին խոսելիս: Ինչ անել երեխային նախկին, դպրոցական ռեժիմին ընտելացնելու համար:
     Հոգեբանները փաստում են, որ արձակուրդների ընթացքում օրգանիզմի ռեակցիաներն ավելի դանդաղում են, իսկ վերադարձը հանգստից դեպի ավելի ակտիվ ֆիզիկական և մտավոր գործունեության` կտրուկ փոփոխություն է, ինչն արդեն սթրես է օրգանիզմի համար: Մի քիչ դժվար է լինում հանգստից վերադառնալու առաջին շաբաթը` թուլություն, մոտիվացիայի և կենսական ուժերի պակաս, նաև՝ գլխացավ, բայց աստիճանաբար օրգանիզմը հարմարվում է նաև այս նոր ռեժիմին:

Խորհուրդներ ծնողներին
    
Պատճառներից մեկը, թե ինչու են երեխաները սիրում ամառային արձակուրդը` ռեժիմի բացակայությունն է, վաղ առավոտյան չարթնանալն է, երեկոյան ցանկացած ժամի քնելն է: Ծնողները կարող են խախտել ընդունված կանոնները և դրանում սարսափելի ոչինչ չկա: Միայն` ամեն ինչ իր ժամանակին: Պարզապես, հարկավոր է ուսումնական տարին սկսվելուց մեկ-երկու շաբաթ առաջ երեխային վարժեցնել «դպրոցական ռեժիմին»: Ամերիկյան ակադեմիայի բժշկության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առողջ, երկար քունը ոչ միայն ազդում է երեխայի բնականոն զարգացման վրա, այլև հանդիսանում ուսուցման արդյունավետ գործունեության հիմքը: Այնպես որ, առաջին հերթին պետք է երեխային արգելել երեկոյան ժամերին հեռուստացույց դիտելը և այն փոխարինել երեկոյան զբոսանքով, ինչը ոչ միայն կօգնի նրան արագ քնել, այլև կլինի ազդանշան` հետագա փոփոխությունների համար:
     Հոգեբանները խորհուրդ են տալիս առաջին երկու-երեք շաբաթների ընթացքում երեխային չճնշել հարցերով` ի՞նչ գնահատակններ ես ստացել և այլն: Միայն անհրաժեշտ է սահմանափակվել` ի՞նչ նոր բան ես սովորել, ի՞նչ գիտելիքներ ես ձեռք բերել. «Ձեր խնդիրը` սերմանել վստահություն դպրոցի և հետաքրքրություն` առարկաների նկատմամբ: Ուսման հաջողության գրավականը հենց դրա մեջ է»,-փաստում են փորձագետները:
     Շատ կարևոր է ճիշտ սննդակարգը: Եվ իզուր չէ Հիպոկրատն ասել. «Մենք այն ենք` ինչ ուտում ենք»: Ուղեղի սնուցման, հիշողության ամրապնդման համար խորհուրդ է տրվում շատ օգտագործել կաթ, ձու, ձուկ: Ուղեղի աշխատանքի անգնահատելի տարր է հանդիսանում մագնեզիումը, որը առկա է ընկույզի, հնդկացորենի, կակաոի, բանանի, արևածաղկի սերմի, տապակած կարտոֆիլի մեջ:
     Շատ առումներով երեխաների` այս դժվարանցանելի փուլը կախված է հենց ուսուցչից: Ուսուցիչը պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծի երեխաների ակտիվ ուսուցման համար: Որպեսզի աշակերտները ակտիվորեն զբաղվեն ուսումնառությամբ, պետք է դասարանում կիրառել ոչ ավանդական դասավանդման մեթոդներ: Ցանկացած տարիքում երեխաները սիրում են խաղալ: Այդ իսկ պատճառով պետք է օգտագործել խաղային ծրագրեր` փոխելով երեխաների տեղերը: Այդ մոտեցումը օգնում է թարմացնել գիտելիքները:
     Ուսուցիչը պետք է հիշի, որ երեքամսյա արձակուրդների ընթացքում երեխաները ակտիվ շարժվել են և 45 րոպե շարունակ նրանց նստեցնել նույն գրասեղանի շուրջ` նշանակում է բացասաբար ազդել փոքրիկների հոգեբանության, էմոցիոնալ և ֆիզիկական վիճակի վրա: Ուստի, գիտակցելով այս ամենն, անհրաժեշտ է, որ մանկավարժը «ֆիզիկական, զգացմունքային և բեռնաթափման» դասաժամեր անցկացնի: Բարձր դասարաններում խորհուրդ է տրվում անցկացնել «ազատ շփման րոպե»:
     Ամենակարևորը` թե՛ ծնողները, թե՛ մանկավարժները պետք է հետևեն այն բանին, որ երեխայի մեջ, այս փուլում, դպրոցի նկատմամբ բացասական վերաբերմունք չառաջանա:

8552 | 0
Facebook