Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր գլուխը կախ է, ամոթը` մեծ, քանզի ապրում ենք հայերի հողերի վրա». թուրք մտավորականներ

15:26, շաբաթ, 25 ապրիլի, 2015 թ.
«Մեր գլուխը կախ է, ամոթը` մեծ, քանզի ապրում ենք հայերի հողերի վրա». թուրք մտավորականներ

Գերմանիայում 16 տարի առաջ ստեղծված «Ընդդեմ Ցեղասպանության» կազմակերպությունն ու այլ մտավորականներ, որոնք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանում էին (թվով 20 հոգի՝ ազգությամբ թուրք, քուրդ, ալևի և զազա), այսօր մամուլի ասուլիս տվեցին՝ ցավակցություն հայտնելով և ներողություն խնդրելով Մեծ եղեռնի զոհերի հարազատներից և համայն հայ ժողովրդից:
     Նրանցից ազգությամբ քուրդ Ռեջեփ Մարաշը, ով տարիներ առաջ գիրք է գրել Հայոց ցեղասպանության մասին, այսօր դարձել է վտարանդի, քանի որ Թուրքիայի «դարպասները փակ են նրա առջև»:
     Տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանը՝ ներկայացնելով հյուրերին, նշեց, որ նրանք բազմիցս են խոստովանել, որ «իրենց գլուխը կախ է և ամոթը մեծ, քանի որ մինչ օրս ապրում են հայերի հողերի վրա»:
     «Այս մարդիկ ոչ միայն ասում են Ցեղասպանության ճանաչում, այլև՝ փոխհատուցում: Նրանք ասում են ոչ թե Թուրքիա, այլ՝ Արևմտյան Հայաստան: Նրանք գտնում են, որ քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել ու դատապարտվել Թուրքիայի կողմից, մարդկությունը չի կարող հանգստություն գտնել»,- ասաց Հացպանյանը՝ նշելով, որ Հրանտ Դինքի ողբերգական մահը պատճառ դարձավ, որպեսզի Թուրքիայի սահմաններում ապրող մարդիկ բարձրաձայն արտահայտվեն 100 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության մասին, քանզի դա նրանց «համբերության վերջին կաթիլն էր»:
     Հյուրերը, որոնք չէին կարողանում թաքցնել իրենց հուզմունքը, խոստովանում էին, որ Ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված ամենամեծ հանցագործությունն է: «Եթե մենք կարողանանք մեր հասարակության մեջ զարգացնել այս գաղափարը, հաղթանակն անխուսափելի է, սակայն այս դեպքում մեր երկրի կառավարության հետ ենք խնդիրներ ունենալու»,-ասացին նրանք:
     ՄԱՄՈՒԼ.am-ի հարցին, թե ըստ նրանց, Թուրքիան երբևէ կառերեսվի՞ Ցեղասպանության հետ, Ռեջեփ Մարաշը պատասխանեց, որ եթե Թուրքիայի «վարչական մեքենան» իմանա, որ առերեսվելու դեպքում կարող է շատ հեշտ, առանց վնասների, դուրս գալ այդ ամենի «տակից», հենց այսօր էլ կառերեսվի:
     Մտավորականներից մեկն էլ՝ կարծիք հայտնեց, որ երբեք ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա. Թուրքիան կշարունակի ժխտել իրականությունը, քանի որ նստած է ստի ու կեղծիքի, Ցեղասպանության «զոհերի վրա»:
     Նրանք, սակայն, չբացառեցին, որ այդ «բռնակալ պետությունը» մի օր «բազարի է նստելու» և քննարկելու է՝ ի՞նչ տա, ի՞նչ չտա և արդյունքում Մասիսը վերադարձնելու է, որպեսզի թեթևացնի իր մեղքը:
     Ըստ բանախոսների, եթե նույնիսկ մի կողմ թողնեն Հայոց ցեղասպանության փաստը, Թուրքիան անընդհատ հանցագործություն է կատարում: «Նա ամեն օր ներքին պատերազմի մեջ է իր տարածքում ապրող 18-20 միլիոն փոքրամասնությունների հետ և ոչ միայն: Եվ մի կայծն էլ բավարար է, որ բոլորը ոտքի կանգնեն և Թուրքիան հիմնովին խորտակվի»:
     Իսկ թե թուրք ժողովուրդը գիտակցո՞ւմ է, որ իրականում ցեղասպանություն տեղի է ունեցել, ներկաները նկատեցին, որ 70 միլիոնանոց Թուրքիայում ապրող բնակչության մեծ մասը միջնադարյան ավանդույթներով և «խավարի մեջ» է ապրում և չգիտեն՝ իրականում ինչ է կատարվել:
     Սարգիս Հացպանյանը տեղեկացրեց, որ Թուրքիայից ժամանած մտավորականները պատրաստվում են մեկնել Արցախ՝ այցելելու Արցախյան հերոսամարտի զոհերի շիրիմներին:

6113 | 0
Facebook