Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե չդիմանամ հացադուլին, ինձնից հետո կնստեք դուք». ազատամարտիկը՝ լրագրողներին

17:33, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
«Եթե չդիմանամ հացադուլին, ինձնից հետո կնստեք դուք». ազատամարտիկը՝ լրագրողներին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել և պատրաստվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ անժամկետ այնքան նստել, քանի դեռ ազատ չեն արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին: Ազատամարտիկը հույս ունի, որ մայիսի 9-ին նրանց ազատ կարձակեն: Թե ինչպես է հացադուլի միջոցով նա փորձում պայքարի դուրս գալ իշխանության դեմ, մեկնաբանեց այսպես. «Համենայնդեպս, մենք պայքարել և պայքարելու ենք մինչև ազատեն տղաներին»: Արդյոք կդիմանա՞ անժամկետ նստացույցին, հարցին էլ այսպես պատասխանեց. «Ինձնից հետո կնստեք դուք, կնստեն իմ ընկերները, եթե դուք չեք նստի, նստողներ կգտնվեն, վստահ եմ` այնքան ժամանակ, մինչև մեր ուզած արդյունքը կունենանք»:
     Լրագրողների դիտարկմանը, թե եթե ազատամարտիկի պահանջն իշխանություններից է, ապա ինչու է նա հացադուլ անում օմբուդսմենի գրասենյակի մոտ, այլ ոչ թե, ասենք, ձերբակալողների մոտ (Քննչական կոմիտե, Ոստիկանություն, Բաղրամյան 26 և այլն), քանզի «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և մյուսների ձերբակալության հրահանգը նրանք են տվել, Խ. Ավետիսյանն ասաց. «Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը ես ուզում եմ անընդհատ սևեռված լինի դրա վրա... Ես ինքս եմ որոշում՝ ո՞ւր նստեմ, ո՞ւմ հարցնեմ, ո՞ւր գնամ…»:
     Ազատամարտիկի խոսքով, իր գաղափարները կիսում են մոտ 100-120 հոգի, իսկ թե ինչու այսօր իր կողքին չկան այդ թվով համախոհներ, պարզաբանեց` ասելով, որ իր ընկերներից մի խումբ ազատամարտիկներ, որոնք գտնվում են պետական ծառայության մեջ, մասնավորապես Պաշտպանության նախարարությունում, չկարողացան այս պահին թողնել իրենց գործն ու այստեղ գալ. «Սակայն նրանք խնդրել են մեզ՝ սկսել, իրենք կգան մեզ ընդառաջ»,-հստակեցրեց Խ. Ավետիսյանը՝ ընդգծելով, որ իրենց նպատակը համախմբումն է. «Մենք տարանջատելու խնդիր չունենք: Այդ թվում ցանկանում ենք համախմբել նաև իշխանություններին, որոնց հետ մենք համաձայն չենք, քանի որ նրանք հանցագործ են: Այս քայլով, պարզապես, հնարավորություն կտանք նրանց ուղղվելու: Կոչ ենք անում նրանց՝ իրենց գործողություններով գան ընդհանուր հայտարարի, այդպիսով ամբողջականանան»,- նշեց հացադուլի նստող ազատամարտիկը, ում համոզմամբ, իշխանությունները թեև մեծ ցանկություն ունեն իրենց մեջ պառակտում մտցնելու, բայց իրենք չենք պառակտվում. «Կարող ենք լինել տարակարծիք, կարող ենք ընտրել տարբեր ուղիներ, բայց մենք երբեք չեն պառակտվի»:
     Իսկ թե ինչու «Հիմնադիր խորհրդարանից» ոչ ոք չի միացել վերջիններին, ի վերջո Ժիրայր Սեֆիլյանին են ձերբակալել, Խ. Ավետիսյանը մեկնաբանեց` ասելով, որ ինքը թեև Ժիրոյի հետ է, բայց ոչ «Հիմնադիր խորհրդարանի»: «Ես «Հիմնադիր խորհրդարանի» համար չեմ անում սա: Ես այստեղ եմ Շուշիի գումարատակի 30 ազատամարտիկների կոչով: Ես Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի, Պավլիկ Մանուկյանի, Վոլոդյա Ավետիսյանի համար եմ անում, նաև մյուս տղաների»:
     Ի դեպ, «որպեսզի հյուրերի մոտ երկիրը չխայտառակվի» ապրիլի 23-24-ը հացադուլավորները կանցկացնեն տանը. «Կարող են բժիշկները ստուգել, որ տանը հաց չեմ ուտելու»,- առաջարկեց Խաչիկ Ավետիսյանը:

3991 | 0
Facebook