Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Մասնագետները չեն ուզում «խառնվել» Կառավարության գործերին

10:30, շաբաթ, 18 ապրիլի, 2015 թ.
Մասնագետները չեն ուզում «խառնվել» Կառավարության գործերին

Հացի արտադրության տեխնոլոգիայով զբաղված գիտնականներն ու սպառողների շահերի պաշտպան կազմակերպությունները տարբեր կարծիքներ ու տեսակետներ ունեն «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի` հացի խմորի մեջ օգտագործվելիք հավելանյութերի վերաբերյալ: Ըստ այդ նախագծի, հացի արագ խմորման համար օգտագործվում են ոչ օգտակար հավելումներ, իսկ սև հաց ստանալու համար էլ՝ տարբեր ներկանյութեր:
     Թեև ԱԺ-ն մեկ տարով հետաձգել է ցորենի ալյուրի հարստացման օրինագծի ընդունումը, սակայն դրա կիրառման հետ կապված հասարակական տարբեր կազմակերպությունների բացասական վերաբերմունքը մնացել է նույնը:
     «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի վիրաբույժ Գագիկ Փիրուզյանը ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց, որ սննդում ցանկացած դեղամիջոցի չարաշահումը, ինչպես նաև երկաթ պարունակող նյութերը, մարդու մոտ կարող են առաջացնել առողջական խնդիրներ: Ինչ վերաբերում է ալյուրի մեջ երկաթի հավելանյութ ավելացնելուն, վերջինը հույս հայտնեց, որ ամեն ինչ չափավոր կլինի: «Այդ նյութերը եթե չափավոր օգտագործվեն, վտանգ չի լինի»,- ասաց նա: Մասնագետը նշեց, որ չի ցանկանում «խառնվել» Կառավարության գործերին, ուստիև դժվարացավ պատասխանել մեր այն հարցին` թե ինչ վտանգներ կարող են առաջանալ հացի մեջ հավելանյութեր խառնելուց: «Կառավարությունը նախապես ամեն ինչ հաշվարկել է, և հաստատ, հենց այնպես, ավելորդ գումար չէր ծախսի դրա վրա: Նա գիտի ինչ է անում»,- ասաց վիրաբույժը: Հարցին` թե, այնուամենայնիվ, օրգանիզմում ինչ խնդիրներ կարող են առաջանալ երկաթի ավելցուկից, ասաց, որ այն կարող է հանգեցնել հիպերտոնիայի, ազդել ճնշում ունեցող մարդկանց, հղիների առողջության վրա:
     Առողջապահության նախարարությունն այս նախագծի ընդունման վերաբերյալ ունի իր հիմնավորումները, այն է՝ կանխել սակավարյունության խնդիրը, որն ունեն նախադպրոցական տարիքի երեխաների 37 տոկոսը, վերարտադրողական տարիքի կանանց 25 տոկոսը, հղիների 39 տոկոսը:
     «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց որ, այսօր Հայաստանում գոյություն ունի թերսնուցման երևույթ` կապված երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ: «Ասում են՝ այդ երևույթը 19 տոկոս է կազմում (դրանք ֆիզիկական և մտավոր անառողջ մարդկանց թիվն է, որին ես շատ կասկածում եմ): Մարդիկ այսօր այս վիճակում ապրում են զրկված նույնիսկ նորմալ սնունդից. մատչելի չէ հավը, ձուկը, միրգը... իսկ բժշկությունը գտել է ձևը` ալյուրը հարստացնել երկաթով»:
     Հաջորդ հարցին` թե շատ մասնագետներ և բժիշկներ պնդում են, որ այնուամենայնիվ, ոչ միայն երկաթի պակասն է վնասակար, այլև ավելցուկը, Ա. Պողոսյանը նկատեց. «Այդ մարդիկ բժիշկներ չեն, եթե նույնիսկ նրանց գրպանում դիպլոմ կա, դա դեռ ոչինչ չի նշանակում»:
     Մեր դիտարկմանը, թե հացի վիտամինացվելու դեպքում, բնականաբար, կթանկանա նաև գինը, Ա. Պողոսյանը հուսադրեց, որ թանկացումը չնչին է լինելու` 1-2 դրամ:
     Այնուամենայնիվ, ինչո՞ւ կառավարությունը չի հրահանգում գովազդել և պրոպագանդել բնական հացի արտադրությունը և փոխարենը լծվել է այն հավելանյութերով հարստացնելու գործին, «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահը արձագանքեց. «Շատ ճիշտ նկատեցիք, շատ ճիշտ հարց էր… Ես էլ եմ 20 տարի շարունակ կոչ անում, որ բնական հաց ուտեն, սև հաց օգտագործեն, բայց միևնույն է` 20 տոկոսն է օգտագործում այդ հացը»:

10049 | 7
Facebook