Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սահմանում մարդիկ չեն ուզում իրենց ողորմություն տան 1 կգ ալյուր, ուզում են՝ աշխատատեղեր ստեղծվեն». «Տավուշ տեքստիլ»-ի շինարարությունն սկսվել է

14:33, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
«Սահմանում մարդիկ չեն ուզում իրենց ողորմություն տան 1 կգ ալյուր, ուզում են՝ աշխատատեղեր ստեղծվեն». «Տավուշ տեքստիլ»-ի շինարարությունն սկսվել է
     Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ մի քանի գյուղերում կկառուցվի «Տավուշ» տեքստիլ ձեռնարկությունը: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանն ասաց, որ ձեռնարկությունը նախատեսվում է կառուցել Արծվաբերդ, Այգեձոր, Չորաթան, Պառավաքար, Չինարի և Բերդ համայնքներում: Այս պահի դրությամբ աշխատանքները սկսվել են Չորաթան գյուղում:
     Կապ հաստատեցինք նաև Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանի հետ: Վերջինս մեծ ոգևորությամբ պատմեց, որ վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են և նախատեսվում է մինչև մայիսի վերջ ավարտին հասցնել: «150 աշխատատեղ է լինելու, մեծ մասամբ կանանց համար են, 120 կին, 30 տղամարդ: Նախկինում այդտեղ ֆերմա էր, հիմա շատ գեղեցիկ վերանորոգում են»: Պարոն Բաղմանյանը նշեց, որ նախաձեռնության հեղինակն ու ֆինանսավորողը Մոսկվայում գործարար Սուրեն Երիցյանն է, ով Արծվաբերդ գյուղից է: Նա նաև նշեց, որ մեծ ոգևորություն կա գյուղի բնակիչների մոտ: «Խոսքերով չեմ կարող ասել: Գյուղը փրկվեց: Գյուղից հեռացած բնակիչները Երևանից, Մոսկվայից զանգում են և ուզում են հետ վերադառնալ: Նակինում դպրոցում 300 երեխա է եղել, հիմա 100 են, հուսով եմ, որ այս թիվը կկրկնապատկվի: Մարդիկ չեն ուզում իրենց ողորմություն տան 1 կգ ալյուր, ուզում են աշխատատեղեր ստեղծվեն, իրենք աշխատեն ու հիմա կա այդ հնարավորությունը: Այստեղ մեծ դեր ունի նաև ՀՀ նախագահը: Ցանկացած համայնքի ղեկավարի համար սահմանամերձ գյուղում էս տեսնելն ամեն ինչ է»,- եզրափակեց Վ. Բաղմանյանը:
4156 | 1
Facebook