Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գինեկոլոգներից ոչ ոք չգիտեր, որ այսօր չծնված երեխաների օրն է

15:10, չորեքշաբթի, 25 մարտի, 2015 թ.
Գինեկոլոգներից ոչ ոք չգիտեր, որ այսօր չծնված երեխաների օրն է

Այսօր` մարտի 25-ը Վիքիպեդիայում նշված է որպես չծնված երեխաների օր: Սակայն, ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հարցման արդյունքում պարզվեց, որ հայ գինեկոլոգներից ոչ ոք չգիտի այդ մասին: Մանկաբարձ- գինեկոլոգ Աննա Ղազարյանն էլ, չնայած տեղյակ չէր օրվա մասին, բայց մեզ հետ զրույցում նշեց, որ ողջունում է բոլոր նման առաջարկներն ու քայլերը: Մասնագետը, թեև, վիճակագրական տվյալներ չհրապարակեց, բայց ասաց, որ արհեստական ընդհատումների դեպքերի նվազում առանձնապես չի նկատվում:

«Օրենքով չի արգելվում, որովհետև այդ արգելքն ունի շատ կողմնակի և նեգատիվ հետևանքներ: Կանայք կսկսեն ոչ լեգալ մեթոդների դիմել: Կարծում եմ, որ արգելք չդնելու հիմնական պատճառը դա է: Իհարկե քարոզվում է, բոլոր գինեկոլոգները կանանց հետ առանձին զրուցում են, բացատրում են այդ քայլի ոչ ճիշտ լինելու մասին, բայց արդյունքն այն է, ինչը բոլորս գիտենք»,- ասաց մասնագետն, ով հավաստիացրեց, որ իր աշխատանքային կարիերայի ընթացքում երբեք չի արել արհեստական ընդհատում` ելնելով հարցի հոգեբանական պահերից: «Բոլոր իմ հաճախորդները գիտեն դրա մասին, և ինձ այդ հարցով չեն դիմում, իսկ եթե դիմողն անծանոթ է, պատասխանը նույնն է` ես երբեք դա չեմ արել և չեմ պատրաստվում փոխել իմ կարծիքը»,- վստահեցրեց գինեկոլոգը: Նա բոլոր ապագա մայրերին խորհուրդ տվեց. «Այդ քայլին գնալուց առաջ շատ լավ մտածել, հետևանքները կարող են լինել անվերադարձ: Դա վերաբերում է ոչ միայն ֆիզիկական առողջությանը, ինչը շատ կարևոր է, այլ նաև` հետագայում իրենց հոգեկան վիճակին ու ապրումներին»,- ամփոփեց մանկաբարձը:

Մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Ղազարյան
Մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Ղազարյան

Նշենք նաև, որ դեռ 2012-ին` Ստեփանակերտում գործող «Հանուն կյանքի» նախաձեռնությունը բաց նամակ էր հղել Հայաստանի ու Արցախի վարչապետերին` առաջարկելով Հայաստանում և Արցախում իրավական ակտերով հունիսի 1-ը հռչակել նաև չծնված երեխաների պաշտպանության օր: Սակայն, առաջարկը մինչ օրս մնում է օդից կախված:

5779 | 0
Facebook