Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արդյո՞ք մաքսազերծվելու են ԵՏՄ-ից Հայաստան ներկրված ավտոմեքենաները

14:10, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Արդյո՞ք մաքսազերծվելու են ԵՏՄ-ից Հայաստան ներկրված ավտոմեքենաները

Մինչև Հայաստանի` ԵՏՄ անդամ դառնալը, շատ հայաստանցիներ, ովքեր ՌԴ-ում մեքենաներ էին գնել, չէին շտապում դրանք բերել Հայաստան` հույսով, որ 2015-ի հունվարի 2-ից, երբ Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ, կկարողանան առանց մաքսազերծման դրանք ներկրել ՀՀ:
     Այս առումով, սակայն, մեր հայրենակիցների տեղեկություններն իրարամերժ էին: Մի մասն էլ խոսում էր, որ սպասելիքներն իզուր են, քանի որ հունվարի 2-ից հետո ոչինչ չի փոխվելու ՌԴ-ից ներկրվող մեքենաների մաքսազերծման կարգում:
     «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ` փոփոխություններ լինելու են, թե՞ ոչ:
     «Ես այս տարի, օրինակ, Ճապոնիայից եմ մեքենա բերել, մաքսազերծել, ամեն ինչ նույնն էր, ոչ մի փոփոխություն, իսկ այ ԵՏՄ անդամ երկրներից ավտոմեքենա բերելու հետ կապված` չեմ կարող ոչինչ ասել»:
     Վերոնշյալի հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից փորձեց ճշտել արդյո՞ք գանձվելու է մաքսատուրք ԵՏՄ անդամ պետություններից ներկրվող ավտոմեքենաներից (անկախ այն հանգամանքից` դրանք միության ծագման են, թե՞ ոչ):
     Ի պատասխան մեր հարցադրմանը, ֆինանսների նախարարությունից տեղեկացրին, որ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) անդամ այլ պետությունից Հայաստանի Հանրապետություն ապրանքներ (մեքենաներ) ներկրելու դեպքում ներմուծման մաքսատուրքեր չեն կիրառվում այն ապրանքների (մեքենաներ) մասով, որոնք Միության մաքսային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետին համապատասխան ունեն Միության ապրանքի կարգավիճակ: Վերոնշյալ կետի համաձայն` Միության ապրանքները Միության մաքսային տարածքում գտնվող հետևյալ ապրանքներն են.
     1) Միության անդամ երկրների տարածքներում ամբողջությամբ արտադրված ապրանքները,
     2) Միության տարածք ներմուծված և Միության մաքսային օրենսգրքին և (կամ) Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան Միության ապրանքի կարգավիճակ ստացած ապրանքները,
     3) այն ապրանքները, որոնք պատրաստվել են Միության անդամ պետությունների տարածքներում 1-ին և 2-րդ կետերում նշված ապրանքներից և (կամ) օտարերկրյա ապրանքներից և Միության մաքսային օրենսգրքին և (կամ) Միության անդամ երկրների միջազգային պայմանագրերին համապատասխան ձեռք են բերել Միության ապրանքների կարգավիճակ:
    
     Իսկ թե ի՞նչ է նշանակում «Մաքսային միության ապրանքների կարգավիճակ», և կամ, ի վերջո, օրինակ, գերմանական արտադրության որևէ ավտոմեքենայի համար, որը ներմուծվել է ՌԴ և ներկրվելու է ՀՀ, մաքսատուրք գանձվելու է, թե՞ ոչ, ինչպես միշտ, ֆինանսների նախարարության անորոշ ու լղոզված պատասխանից այդպես էլ պարզ չդարձավ: Հերթական անգամ համոզվում ենք, որ ֆինանսների նախարարությունը հղում է կատարում ոչ թէ օրենքով ամրագրված, այլ` նույնիսկ իր համար դեռևս չպարզաբանված դրույթների:

24296 | 3
Facebook