Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Արսիս տուր»-ի հիմնադիր Վարուժ Բաղումյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

10:30, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
«Արսիս տուր»-ի հիմնադիր Վարուժ Բաղումյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պրն. Վարչապետ,

Տուրիզմի ոլորտում այսօր մի շարք խնդիրներ են ծառացել, որոնք խոչընդոտում են վերջինիս զարգացմանը, և որոնց լուծումը կապված է ոչ այնքան ֆինանսների հետ, որքան կոռուպցիոն և մոնոպոլ դրսևորումների վերացման:
     Մասնավորապես, ավիատոմսերի խիստ բարձր սակագնային քաղաքականությունը. Հայկական ավիաշուկայում առկա գնային սանդղակը ոչ մրցունակ է մեր հարևան երկրների ավիացիոն շուկայի առաջարկների հետ: Սա հատկապես մեծ խնդիրներ է առաջացնում իրանական շուկայի հետ աշխատելիս, եթե հաշվի առնենք Իրանում տիրող վերջին զարգացումները և վրացական, թուրքական, ադրբեջանական կողմի գայթակղիչ և առավել մատչելի առաջարկները: Եվ եթե այսպես շարունակվի Հայաստանը կկորցնի իրանական մեծ շուկան: Նշենք, որ արդեն իսկ կտրուկ նվազել է Իրանից Հայաստան եկող տուրիստների հոսքը. նրանք կա՛մ հնարավորություն չունեն ճամփորդելու կա՛մ նախընտրում են Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը:
     Տուրիզմի զարգացմանը խոչընդոտող հաջորդ խնդիրը վերաբերում է օդանավակայանում և սահմանին ՛՛աշխատող՛՛ որոշ վարորդ տաքսիստների ինքնագործունեությանը, որոնց գործելաոճը հիմնված է խաբեության և գումարների անհարկի կորզման վրա, ինչի հետևանքով հենց սահմանից վարկաբեկվում է Հայաստանի Հանրապետությունը:

Ժամանակին այս խնդրով մենք բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, սակայն այդպես էլ խնդիրը լուծում չի ստացել, և այսօր էլ շարունակվում է նման ամոթալի գործելաոճը:

Արդիական է նաև տուր-կազմակերպությունների լիցենզավորման հարցը, քանի որ ոլորտում գիդի ծառայություններ են մատուցում մարդիկ, ովքեր երկու բառ գիտեն համացանցից և ունեն ուղևորափոխադրող մեքենա: Մասնավորապես՝ Հանրապետության Հրապարակում և այլ տուրիստական մարդաշատ վայրերում կայանված են մեքենաներ, որոնք լիազորություն չունեն տուրիստական գործունեություն ծավալելու, սակայն էժանագին և անորակ ծառայություններ են մատուցում՝ հայկական մշակութային վայրերի մասին նույնիսկ պատկերացում չունենալով և, հաճախ, սխալ տեղեկությունները ճշմարտության տեղ մատուցելով: Այս երևույթը ոչ միայն վնասում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր վարկանիշը, այլև խոչընդոտում է տուր-ընկերությունների բնականոն գործունեությանը: Հնարավորինս շուտ պետք է այս խնդրին լուծում տալ և՛ գիդերի և՛ տուր-օպերատորների լիցենզավորումը դարձնել պարտադիր:

Տուրիզմի զարգացմանը խթանելու համար կարևոր է նաև արտոնյալ պայմաններ ստեղծել թե՛ տուրիստական կազմակերպությունների և թե՛ հյուրանոցների համար, որոնք իրենց գործունեությամբ կարող են նպաստել ոլորտի կայացմանը: Մասնավորապես՝ ենթակառուցվածքներ ստեղծել տուրիզմի ոլորտի կազմակերպությունների ազատ գործունեության համար՝ օգնելով, որպեսզի վերջիններս իրենց առաջարկները միջազգային շուկայում ներկայացնելու հնարավարություն ունենան:

Տուրիզմի ոլորտում խնդիրներն իսկապես շատ են և խիստ հրատապ, որոնց լուծումը նաև երկրի զարգացման գլխավոր նախապայմաններից է: Ուստի, խնդրում ենք հնարավորության դեպքում հյուրընկալել ոլորտի շահառուներին, այս և այլ խնդիրները տեղում քննակրելու և լուծումներ գտնելու համար: Ինչպես նաև առաջարկում ենք ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կգործի կամավորության սկզբունքով և որում ներառված կլինեն բոլոր շահառուները՝ և՛ հյուրանոցները, և՛ տուր-օպերատորները, որոնք հանդես կգան զբոսաշրջային քաղաքականությունը բարելավելու առաջարկներով՝ հաշվի առնելով առկա խնդիրները և հնարավորությունները:

«Արսիս տուր» ընկերության հիմնադիր Վարուժ Բաղումյան

7118 | 0
Facebook