«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել բարոկկո երաժշտության համերգային երեկո՝ նվիրված Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրվան, այս մասին տեղեկանում ենք ՆԱՄ-ի ֆեյսբուքյան էջից:
Անգլիացի երգեհոնահար, կլավեսինահար և երաժշտագետ Քրիստոֆեր Սթեմբրիջը (կլավեսին), Մերի Դոլմազյանը (ալտ) և Կարինե Հովհաննիսյանը (կլավեսին) իրենց եզակի կատարումներով հիացրել են հայ հանդիսատեսին: Նրանց կատարմամբ բարոկ երաժշտությունը հնչել է ոչ միայն կլավեսինով, այլ նաև կլավիկորդով: Միակ բանը, որ պահանջել է Քրիստոֆեր Սթեմբրիջը հանդիսատեսից, լռությունն էր...
«Միակ բանը, որ խնդրում եմ, լռությունն է. նույնիսկ, եթե շատ մեծ ցանկություն ունենաք ծափահարելու, պահպանեք քար լռություն՝ գործիքների ձայնը լսելու համար»,- իր խոսքում նշել է Սթեմբրիջը:
Դեռևս 2008 թվականին կլավեսիններ պատրաստող անգլիացի վարպետ Ռեյմոնդ Ռայթոնը, համերգային տեսագրություններից մեկը դիտելով, որոշում է կայացնում «Նարեկացի» արվեստի միությանը նվիրել իր կլավեսիններից մեկը, ինչի առիթով էլ Քրիստոֆեր Սթեմբրիջն այցելում է Հայաստան՝ միությունում հայ երաժիշտների հետ կլավեսինի վարպետության դասեր անցկացնելու: