Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փաստորեն, իշխանությունները որդեգրեցին այն ճանապարհը, որ խափանեն «Սասնա ծռերի» դատավարությունը և արհեստական հրմշտոցներ ստեղծեն». Գագիկ Սարուխանյան

17:35, ուրբաթ, 04 օգոստոսի, 2017 թ.
«Փաստորեն, իշխանությունները որդեգրեցին այն ճանապարհը, որ խափանեն «Սասնա ծռերի» դատավարությունը և արհեստական հրմշտոցներ ստեղծեն». Գագիկ Սարուխանյան

MAMUL.am-ի թղթակցի զրուցակիցն է ազատամարտիկ և ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը:
    
     - Պարոն Սարուխանյան, ինչպե՞ս եք գնահատում Սասնա ծռերի դատավարության ընթացքը: Բացահայտորեն այն անցնում է լարված մթնոլորտում` փոխադարձ վիրավորանքներ, դատարանի կողմից փաստաբանների նկատմամբ անհարգալից վերաբերմուք և այլն: Ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենը, և ի՞նչ հետևություներ կարելի է անել, առհասարակ:


     - Դատավարության նկատմամբ իշխանությունների կողմից որդեգրած այս պրինցիպների մասին ես բազմիցս արտահայտվել եմ: Նախքան դատավարության սկսվելը ես մտավախություն ունեի, կարծում էի` դրանք ընդամենը պատահականություններ են, բայց որ հաճախակիացան այդ երևույթները, երբ իշխանությունները` ոստիկանական, դատական, դատախազական իրենց ունեցած բոլոր հնարավորություններով, ամեն ինչ են անում, որպեսզի խափանեն դատական պրոցեսը, սկսեցի մտածել, որ ամեն ինչ ծրագրված է։ Նորմալ դատական պրոցես ընթանալու դեպքում, իրականում, պետք է լինի դատավարություն ռեժիմի դեմ. տղաները պետք է արտահայտվեն և ասեն, թե ինչու են դիմել այդ քայլին, իսկ այդ «ինչու»-ն իրենց ձեռք չի տալիս: Ես նկատել եմ, որ այդ քրեական գործերի հետ կապված՝ դատավարությունն արդեն ավարտական բնույթ է ստացել և տրվել է դատաքննության: Այդ գործում չկա պատճառահետևանքային կապ: Ցանկացած քրեական գործում լինում է պատճառահետևանքային բնորոշում` ինչու եղավ այդ բանը, ասենք թե, հանցագործն ինչու է դիմել այդ քայլերին: Այս դեպքում չկա այդ նկարագրական կապը: Եթե մարդն ինչ-որ մեկին սպանում է` ագահության, վրեժխնդրության, խանդի հողի վրա, կամ հոգեկան հիվանդը որ մի քայլի է դիմում, այնտեղ կա նաև պատճառը, որի հետևանքը եղել է սպանությունը: Իսկ թե տղաներին ինչն է դրդել այդ քայլին, որի հետևանքը եղավ ՊՊԾ-ի գրավումը, չկա այդ նկարագրական մասում: Եթե քրեական գործն ամբողջական քննվեր, այնտեղ կլինեին պատճառները: Պատճառն այն էր, որ դատարաններ Հայաստանում չկային` ծախու էին, պատճառն այն էր, որ ռեժիմը կեղեքել էր Հայաստանը, պատճառն այն էր, որ արտագաղթն ահագնացող չափերի է հասնել, պատճառն այն էր, որ Սերժիկն` իր Սաշիկով, Լֆիկով և մնացած մականուններով կեղեքել են երկիրը, իսկ քրեական գործում այդ մասին չի արծարծվում: Եվ անկախ նրանց, որ քրեական գործը թերի էր կազմված, դատարանում նույնպես պետք է բարձրացվեն այդ հարցերը: Փաստորեն, իշխանությունները որդեգրեցին այն ճանապարհը, որ խափանեն, արհեստական հրմշտոցներ ստեղծեն: Սրիկայությունն այն աստիճանի է, որ հարազատների աչքի առաջ, առանց համբերելու դատարանի դահլիճից գոնե դուրս գան, մուտքի մոտ սկսում են խփել կալանավորին, որպեսզի զայրույթ առաջացնեն դահլիճում նստած հարազատների մոտ: Եվ այդ զայրույթն իրենք մեկնաբանեն որպես անկարգություն և դահլիճն ազատեն և դատ չանցկացնեն, սանկցիաներ կիրառեն: Ես նույնիսկ համոզված եմ՝ այս տեմպով որ գնա, բազմիցս սանկցիաներ կիրառելուց հետո հայտարարելու են, որ անհնար է դատ անցկացնել, որ ժողովուրդը թույլ չի տալիս, խանգարում է, և դռնփակ դատարական նիստերի անցնեն, որտեղ կթույլատրվեն այն լրատվամիջոցների մուտքը, որոնք պատվերը կկատարեն և կլուսաբանեն այնպես, ինչպես այդ իշխանություններն են ուզում:


     - Այդ իրավիճակը մի՞թե ձեռնտու է իշխանությանը, չէ՞ որ այսպիսով է´լ ավելի կարող են վարկաբեկել իրենց:


     - Գիտեք ինչ` իշխանությունները վարկաբեկված են այն աստիճան, որ դրանից ավել իր սեփական ժողովրդի աչքի առջև վարկաբեկվելու խնդիր չունեն: Իրենք միայն խնդիր ունեն ճիշտ ժողովրդավար իշխանություն երևան աշխարհի աչքին: Հիմա նրանք միայն կարող են այլ երկրների նախագահներին ասել` եթե քո երկրում էլ զինված ապստամբություն տեղի ունենար, դուք ի՞նչ կանեիք: Միանշանակ բոլորը կասեն` իհարկե մենք էլ նույնը կանեինք: Բայց այդ մարդիկ չգտեն դրդապատճառները: Այդ տղաները չեն մտել ինչ-որ տարածք և ասել` մեզ մի հատ ուղղաթիռ տվեք և 2 մլն գումար: Այդ մարդկանց բոլոր հարցադրումները ժողովրդի շահերից են բխում, նրանք ուզում են երկիրն օրինական շրջանակներ վերադարձնել: Չնայած, ճիշտ է, այդ քայլն էլ է անօրինական, բայց անօրինական երկրում այդ անօրինականությունը թվում է փոքրիկ բան: Ամբողջ խնդիրը սրա մեջ է: Աս իշխանությունները խնդիր ունեն իրենց դեմքը պահելու դրսի համար, թեև դա էլ իրեն չի փրկի:


     - Վիտալի Բալասանյանի հայտարարությունների մասին ի՞նչ կասեք:


     - Այսօր Հայաստանը գտնվում է մի այնպիսի իրավիճակում, որ ցանկացած մարդ` լինի դա Վիտալի Բալասանյան, թե հասարակ քաղաքացի, որը քաղաքականությունից շատ հեռու է, պետք է որևէ կողմ ընտրի` չկան արդեն գորշ գույները, կա միայն սևը և սպիտակը: Վ. Բալասանյանն այսօր ուղղակի ընտրել է իր կողմը: Իշխանական թևի ցանկացած մեկին որ հարցադրում անես, կասի` տղաները ահաբեկիչներ են, բայց սև-սպիտակ լոյալ մտածելակերպով մարդկանց, որ հարցնում ես, ասում են, որ նրանք ահաբեկիչներ չեն: Ես նույնպես այդ ՊՊԾ-ի գրավան առաջին օրն իսկ ասացի, որ նրանք ապստամբներ են: Իհարկե, կարելի է տղաների գործողությունները` զենքի գործածումը, տարածք գրավելը, հատկապես որ զոհեր կան, նաև բնորոշել որպես ահաբեկչություն, բայց երբ հարց է բարձրանում պատճառների մասին` ամբողջը «ջրվում» է:


     - Մեկ տարի անց, եթե վերլուծում ենք կատարվածը, «Սասնա ծռեր»-ի քայլն ի՞նչ տվեց մեզ:


     - Կարող ենք ասել` և´ տվեց և´ չտվեց: Տվեց այն, որ մարդկանց արթնացրեցին: Նրանց տվեց ոչ թե պայքարելու մոլուցք, այլ ընդամենը շանս, որ պետք է պայքարել: Իսկ հոռետես մարդկիկ, որ շատ են Հայաստանում և սիրում են փնովել, ամեն բան սևացնել ցանկացած գործ, թե` տեսա՞ք, ոչինչ էլ չեղավ, մեկա սրանց դեմ խաղ չկա և այլն, կոտրում և հիասթափեցնում են մյուսներին: Որքան էլ այդ քայլը ոգևորիչ էր, նույնքան էլ հիասթափեցնող... այսինքն` մեկը մյուսին չեզոքացնելով` կարծես թե, զրոյական վիճակ է դեռ, բայց ինչպես ասում են` չգիտենք, թե Աստված ինչ է պահել...

5554 | 2
Facebook