Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Բարդ մարդ. ծանր բնավորություն, թե` ախտորոշում

21:10, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
Բարդ մարդ. ծանր բնավորություն, թե` ախտորոշում

Բնավորությունը յուրաքանչյուր անհատի վարքագծի առանձնահատկությունն է: Մարդու բնավորությունը մեկին կարող է թեթև թվալ, մեկ ուրիշին` անտանելի: Երբ ասում են` «Զգույշ եղիր, այդ մարդը բարդ բնավորություն ունի», անմիջապես հասկանում եք, որ նրա հետ դժվար կլինի: Մարդն, ով ընդունակ է դիմակայել, իրենը պնդել, ուժեղ բնավորություն ունի: Այդպիսի մարդը չի ամաչում պաշտպանել սեփական շահերն, ապացուցել իր ճշմարտացիությունն ու այդպես շարունակ:
     «Բնավորություն» բառը կարող է համեմատվել «հոգեբանական տիպ» բառի հետ: Այդպիսով, բնավորությունն անհատի գործողությունների` փոփոխման չենթարկվող մեթոդների համալիր է, և այս կամ այն իրավիճակում նրա դրսևորումը: Այդ իսկ պատճառով հաճախ լսում ենք, որ գոյություն ունեն զուսպ ու նյարդերից թույլ, առողջ դատող ու անվստահ, կամային ու ինքնավստահ մարդիկ: Բնավորությունը կարելի է որոշել` ելնելով վարքագծային գործոնից և տարբերակվող դրսևորումներից: Բնավորության գծերը կարելի է բաժանել 3 կատեգորիայի` դրական, խնդրահարույց և այն, որը ոչ մի կերպ հնարավոր չէ համեմատել ոʹչ առաջին, ոʹչ էլ` երկրորդ կատեգորիայի հետ. այստեղ խոսքը վերաբերում է տարբերակիչ գծեր ունեցող մարդկանց:
     Ինչ վերաբերում է բնավորության գծերին կամ անհատական գծերին, ապա դրանք երկու բոլորովին տարբեր հասկացութուններ են: Առաջինն արտացոլում է այն, թե ինչպես է իրեն դրսևորում մարդը, ինչ գործողություններ է նա կատարում, իսկ երկրորդը` այն, թե ինչի կամ ում համար են այդ գործողություններն արվում:
     Մարդ միաժամանակ մի քանի բնավորություն կարող է ունենալ: Տարբեր իրավիճակներում նա կարող է տարբեր կերպ դրսևորել իրեն: Օրինակ, դա կարող է կախված լինել նրա տրամադրությունից: Մերթ անկեղծ է և ուրախանում է ամեն մի չնչին բանից, մերթ դառնում է կոպիտ ու ինքնավստահ: Իսկ երբեմն լինում է այնպես, որ մարդ ինքը չի հասկանում, թե այս կամ այն գործողության դրդապատճառները որոնք են:
     Բնավորության հիմնական բաղադրիչներն են դինամիկան, կամքը և նախատրամադրվածությունը: Առաջինը բնազդային վարքագիծ է: Օրինակ` մարդուն հետևելով` կարող եք նկատել, թե ինչպես է նա արձագանքում այս կամ այն իրավիճակին. տխրում է կամ լաց լինում, թե այնպես, ասես ոչինչ էլ չի եղել: Կամքն այն է, երբ մարդ երկար ժամանակ պատրաստվում, ուժ է հավաքում, որպեսզի ինչ էլ ուզում է լինի, հասնի իր ուզածին: Այդօրինակ մարդկանց անվանում են կամքի ուժ ունեցող: Դե իսկ նախատրամադրվածությունը հատուկ գիծ է. դատելով մարդու վարքագծից` բնավորության գծերը կարելի է 2 տեսակի բաժանել` նորմայի շրջանակներում և նորմայից դուրս:
     Մարդը կյանքի ընթացքում ձևավորվում է իր սեփական, մյուսներից տարբերվող բնավորությունը: Նախ դրա վրա ազդում է գենետիկան: Հաճախ բնավորությունը փոխանցվում է ժառանգաբար: Այդուհանդերձ չպետք է մոռանալ, որ ինչպես բնազդները, բնավորությունը ևս կարող է լինել ժառանգական և ձեռքբերովի: Իսկ հետագայում ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ դաստիարակություն է ստացել մարդ: Դեռ մանկությունից ծնողներն ակամայից ձևավորում են երեխայի բնավորությունն, իսկ երեխան սպունգի նման ներծծում է ամեն ինչ: Հասունանալով` երեխան արդեն գիտակցաբար ձեռք է բերում բնավորության սեփական գծերը: Պակաս կարևոր գործոն չէ նաև մարդու շրջապատի ազդեցությունը, թե ում հետ է շփվում ու ընկերություն անում: Անշուշտ նաև, անհատի անձնական ընտրությունը, ով արդեն հասուն ժամանակ պատասխանատվություն է կրում իր բնավորության և վարքի համար: Կարծիքը, թե բնավորությունը փոխել չի կարելի, մտացածին է: Չէ՞ որ բնավորությունը խիստ հայեցակարգ չէ: Այն սահմանում է մարդու` այս կամ այն կերպ վարվելու միտումները: Մարդ կարող է շտկել իր բնավորության գծերը, փոխել ու կառավարել այն:
     Իսկ թե ինչպես է հնարավոր փոխել ծանր բնավորությունը, կխոսենք մեր հաջորդ նյութերում:
     Հեղինակ՝ Արշալույս Մուշկամբարյան
     Հոգեբան, կոնֆլիկտաբան, ոչ վերբալ հաղորդակցության մասնագետ

23049 | 0
Facebook