Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայկյան» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին

18:05, շաբաթ, 25 փետրվարի, 2017 թ.
«Հայկյան» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հայկյան» մրցանակաբաշխությանը: Այն նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կառույցներին, որոնք տարվա ընթացքում նշանակալի մասնակցություն են ունեցել երիտասարդության ոլորտում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի արդեն ավանդական դարձած «Հայկյան» մրցանակաբաշխությունն այս անգամ նվիրվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին։
     «Հայկյան-2016» մրցանակներ են շնորհվել մի շարք անվանակարգերում՝ «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին», «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ», «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն Երևան քաղաքում», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն մարզում», «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ», «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր», «Լավագույն երիտասարդական հաղորդում», «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» և «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»:
     Ավանդական անվանակարգերից բացի, սահմանվել են նաև հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հատուկ մրցանակներ են շնորհվել Կոնստանտին Ենկոյանին՝ «Նոբելյան օրեր՝ Երևանում» գիտական միջոցառումը նախաձեռնելու համար, Տիգրան Քոչարյանին՝ 2016 թվականին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում կազմակերպելու և ինտելեկտուալ շարժումը զարգացնելու համար, «ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիր» կազմակերպությանը՝ «Երիտասարդության ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կազմակերպություն» անվանակարգում, Արթուր Ալեքսանյանին՝ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման և նվիրումի համար, Հենրիխ Մխիթարյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և հայկական սպորտի հանրահռչակման համար:
     «Հայկյան-2016» հատուկ մրցանակ է շնորհվել նաև 2016 թվականին ՀՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողների։

1939 | 0
Facebook