Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պան Գի Մունի եղբայրն ու զարմիկը մեղադրվում են կաշառակերության համար

12:00, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
Պան Գի Մունի եղբայրն ու զարմիկը մեղադրվում են կաշառակերության համար

ԱՄՆ իշխանությունները ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունի եղբորն ու զարմիկին մեղադրել են պետական պաշտոնյային կաշառք առաջարկելու համար: Նշվում է, որ Պան Գի Մունի հարազատները միլիոնավոր դոլարների կաշառք են առաջարկել մերձավոր արևելյան երկրներից մեկում բարձր պաշտոն զբաղեցնող անձի, որպեսզի համոզեն նրան պետական միջոցներով շինությունների համալիր ձեռք բերել:
     «Ասոսշիեյթիդ Փրեսս» գործակալության տվյալներով` Պան Գի Մունի զարմիկին ձերբակալել են, այնուհետև ազատ արձակել` 250 հազար դոլար գրավի դիմաց: Նախկին գլխավոր քարտուղարի եղբայրը չի ձերբակալվել:
     Դատախազությունը պնդում է, որ 2013թ. սկզբին հարավկորեական Keangnam շինարարական կազմակերպությունը, որի կառավարիչներից մեկը Պան Գի Մունի եղբայր Պան Գի Սանն է եղել, պարտքերը փակելու համար որոշել է վաճառել Վիետնամում գտնվող Landmark 72 համալիրը: 39 էջանոց մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Պան Գի Սանն ու նրա որդին, ով Մանհթենում աշխատելիս է եղել որպես անշարժ գույքի գործակալ, նպատակ են ունեցել այդ գործարքի արդյունքում 800 միլիոն դոլար ստանալ:
     Հիշեցնենք, որ Պան Գի Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար է եղել 2007-2016թթ.: 2017-ի հունվարի 1-ից նրան փոխարինել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշը:
     Հավելենք նաև, որ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ևս մեղադրվում է 2005 և 2007 թվականներին ավելի քան 200 հազար դոլար կաշառք վերցնելու համար:

7211 | 0
Facebook