Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե հյուրախաղերը կարողանայի սկսել Հայաստանից, մեծ ոգևորությամբ ու առավել վստահ քայլերով կգնայի առաջ». Հովհաննես Բաբախանյան

14:25, երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2016 թ.
«Եթե հյուրախաղերը կարողանայի սկսել Հայաստանից, մեծ ոգևորությամբ ու առավել վստահ քայլերով կգնայի առաջ». Հովհաննես Բաբախանյան

Արդեն տևական ժամանակ է, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հովհաննես Բաբախանյանն ապրում և ստեղծագործում է Միացյալ Նահանգներում: MAMUL.am-ի թղթակիցը կապ հաստատեց դերասանի հետ, ով շարունակում է նոր ներկայացումներով ու մենահամերգներով ներկայանալ աշխարհի տարբեր բեմահարթակներում:

Նրա «Ես և Ես» մենաներկայացումն արժանացել է ամերիկյան բարձր պատվոգրերի.

«Մենաներկայացումն իմ տարբեր դերերի միաձուլումն է, որի հեղինակը ես եմ: Այն կարծես ներկայացնում է իմ տարբեր ես-երը, դրա համար էլ անվանել եմ «Ես և Ես»: Հիմքում իմ կոնտրաբասիստն է, որն արդեն հայտնվել է խելագարության եզրին»,- պատմեց դերասանը:

Հարցին, թե արդյոք չի պատրաստվում մենաներկայացումով հանդես գալ հայ հանդիսատեսին, դերասանն արձագանքեց.

«Եթե հյուրախաղային տուրս, որը շուտով սկսելու եմ, կարողանայի սկսել Հայաստանից, ապա մեծ ոգևորությամբ ու առավել վստահ քայլերով կգնայի առաջ, քանի որ հայաստանյան իմ հանդիսատեսն ամենախստապահանջն է»:

Հովհաննես Բաբախանյանը նշեց, որ սեպտեմբերի 10-ին և 17-ին «Ես և Ես» մենաներկայացումը կխաղա «Holiwood Magic Theatre» -ում, որից հետո Ֆրեզնոյում, որը կազմակերպել է տեղի Հայաստանի հյուպատոսության կողմից: «Սեպտեմբերի 24-ին իմ մենահամերգն է լինելու Նյու-Յորքում, իսկ հոկտեմբերի 1-ին և 2-ին մենաներկայացումը կխաղամ Բրոդվեյում»,- ասաց դերասանը:

Հովհաննես Բաբախանյանը նաև նշեց, որ շարունակում է նկարահանվել ամերիկյան արտադրության ֆիլմերում: «Մի քանիսն ընթացքի մեջ են: Նկարահանվել եմ նոր ամերիկյան ֆիլմում, որտեղ խաղում եմ միանգամայն տարբեր կերպար` դետեկտիվ»:

Սրանք ծրագրերի մի մասն են միայն, նրա խոսքով` ամեն ինչ պլանավորված է առնվազն 4 ամիս առաջ. «Դա է պատճառը, որ դժվարանում եմ ասել, թե երբ կկարողանամ գալ Հայաստան ու ներկայանալ իմ հանդիսատեսին»:

Անի Մնացականյան

4494 | 1
Facebook