Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նա կինո մտավ առանց սրան-նրան բոթելու, առանց ավելորդ ճիգերի». այսօր Ալբերտ Մկրտչյանի ծննդյան օրն է

17:13, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
«Նա կինո մտավ առանց սրան-նրան բոթելու, առանց ավելորդ ճիգերի». այսօր Ալբերտ Մկրտչյանի ծննդյան օրն է

«Ալբերտ Մկրտչյանը կինո մտավ անշտապ ռիթմով, հանդարտորեն, առանց սրան-նրան բոթելու, առանց ավելորդ ճիգերի, եկավ չափազանց խաղաղ ու գրավեց իսկ և իսկ իր տեղը… Եկավ ու սկսեց անել իր մանկության պատմությունը, իր հուշերի, տեսածի ու զգացածի, իր կուտակումների պարզ ու անմեկին, անվերջանալի պատմությունը` չարի ու բարու, ազնիվի ու կեղծի, կեղտի ու մաքրության մասին»,- այսպես է բնորոշել Հենրիկ Մալյանը Ալբերտ Մկրտչյանին:

Կինոռեժիսոր, բեմադրիչ Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937-ի փետրվարի 27-ին, Գյումրիում: Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական, այնուհետև` Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական բաժինները: 1995-99-ը ղեկավարել է Գյումրու դրամատիկական թատրոնը, իսկ 2003-ից` Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է:

Նրա ամենահաջողված ֆիլմերից են` «Հուշարձան», «Կյանքի լավագույն կեսը», «Հին օրերի երգը» «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս» և այլն: Թատրոնում բեմադրել է մի շարք ներկայացումներ` «Երկու տիրոջ ծառան», «Ավերված քաղաքի մեղեդին», «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն», «Հացթուխի կինը», որը դարձավ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի այցեքարտը, և յուրովի ներկայացում, որն ընդմիջվում է Մհեր Մկրտչյանի հայտնի դերակատարման էկրանային ցուցադրումով:

Ալբերտ Մկրտչյանը պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: Իսկ 2003-ին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանն ու բազմաթիվ այլ մրցանակների:

5532 | 0
Facebook