Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն հաստատել է, որ թուրքական բանակին հաջողվել է օդային և ցամաքային զինտեխնիկայի շնորհիվ «Իսլամական պետության» ահաբեկիչների գերությունից ազատագրել Սուլեյման Շահի մասունքներն ու դրանք հսկող 40 զինվորանոց պատվո պահակախումբը: Միջազգային պայմանավորվածության հիման վրա՝ 1921 թվականից Օսմանյան կայսրության նախահոր՝ Եփրատի ափին գտնվող գերեզմանը համարվում էր թուրքական անկլավ Սիրիայի տարածքում և հսկվում էր թուրքական պատվո պահակախմբի կողմից:
Գործողությունն իրականացվել է փետրվարի 22-ի գիշերը. թուրքական մոտ 750 զիվորներից, 39 տանկերից ու օդուժից բաղկացած հարվածող խումբը նշանակետին է հասել քրդաբնակ Քոբանի քաղաքի միջով:
Հաղորդվում է, որ դժբախտ պատահարից զոհվել է մեկ թուրք զինվոր:
Այժմ առաջին թուրք սուլթանի պապի՝ Սուլեյման Շահի մասունքները տեղափոխվել են թուրքական սահմանին առավել մոտ վայր, որտեղ դրանք հեշտ կլինի պահպանել:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը դեմ է արտահայտվում նմանատիպ սրբավայրերին՝ համարելով դրանք հեթանոսություն և քանդելով ու այրելով իր տարածքում գտնվող նմանատիպ վայրերը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին «ԻՊ» ահաբեկիչները պայթեցրեցին Դեր Զորի հայկական Սրբոց Նահատակոց եկեղեցին, որտեղ պահվում էին Հայոց եղեռնի զոհերի մասունքներն ու արժեքավոր փաստաթղթեր: